«Վերադարձ»․ Արցախյան պատերազմը լուսաբանած ռուս հեռուստալրագրողի ֆիլմը պատրաստ է

ԵՐԵՎԱՆԱՊՐԻԼԻ 29, 24News

1

2019 թ. ապրիլի 30-ին տեղի կունենա «Վերադարձ» ֆիլմի շնորհանդեսը։ Սցենարի հեղինակը ռուս հեռուստալրագրող Սվետլանա Կուլչիցկայան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատվերով:  

1992-1994 թթ. պատերազմի տարիներին Սվետլանա Կուլչիցկայան Արցախում էր, և արցախցիների հետ հավասար վերապրելով պատերազմի բոլոր դժվարություններն  ու զրկանքները՝ նկարահանել է երեք ֆիլմ` «Ապրեք» («Живите»,  1992թ.), «Գնդակոծությունից հետո» («После обстрела», 1992թ.), «Խաղաղության գինը» («Цена покоя», 1994թ.): Հենց այս ֆիլմերի հերոսների ճակատագրին է նվիրված «Վերադարձ» նոր վավերագրական ֆիլմը:

Ֆիլմի գաղափարախոսությունը կառուցվում է մեկ գլխավոր մտքի շուրջ. միայն խաղաղ կյանքը կարող է ապահովել մարդու ստեղծագործ ապագան և դարձնել հայրենի հողը ծաղկուն այգի: Արցախը արդեն 27 տարի անընդմեջ հենց դա է  ապացուցում համաշխարհային հանրությանը:

90-ականների պատերազմը վերապրած մարդկանց, նրանց երեխաների ու թոռների ճակատագրերը ներկայացնելու միջոցով ֆիլմը լիարժեք պատկերում է Արցախի ներկայիս կյանքը: Ներկայացվում են այն հնարավորությունները, որ ստեղծել է խաղաղությունը՝ չնայած ադրբեջանական կողմի ագրեսիվ ցանկություններին և ռազմական գործողություններին, որոնցով հակառակորդը փորձում է խաթարել հանրապետության կենսագործունեությունը, ինչն այստեղ ապրող մարդկանց կյանքն ավելի դրամատիկ է դարձնում:

Առանձին անհատների միջոցով ներկայացված է արցախյան առօրյան, մարդկային ոգու վեհությունը և հայրենիքում արարելու ծարավն ու ձգտումը:

Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում տեղի կունենա «Վերադարձ» վավերագրական ֆիլմին նվիրված ասուլիսը, իսկ ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կկայանա «Վերադարձ» ֆիլմի շնորհանդեսը։

Մուտքն ազատ է բոլոր ցանկացողների համար։ 

 

Տեսանյութեր

Live

Լրահոս