«Իմ քայլ»-ի պատգամավորը սահմանադրական կարգի տապալման փորձ է անում․ Քոչարյանի պաշտպան

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 18, 24News

Հայկ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը քիչ առաջ հրատապ ասուլիս էր հրավիրել՝ պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառման վերաբերյալ Քոչարյանի պաշտպանական խմբի դիրքորոշումը հայտնելու։ Ալումյանը նաև  հայտարարություն և կոչեր է արել պաշտոնատար անձանց՝ ՀՀ նախագահին, վարչապետին, գլխավոր դատախազին, ոստիկանությանը, ԲԴԽ-ին։

Ըստ Ալումյանի՝ Սարգսյանի հրապարակումը խախտում է Քոչարյանի անմեղության կանխավարկածը, ինչպես նաև սահմանադրական կարգի տապալման կոչեր է պարունակում, քանի որ քաղաքացիներին կոչ է անում ճնշում գործադրել դատավորի վրա, որպեսզի վերջինս Քոչարյանին կալանքից ազատման որոշում չընդունի։

Նախագահ Արմեն Սարգսյանին Ալումյանը կոչ է անում ապահովել սահմանադրական կարգը, իսկ իրավապահներին կոչ է անում թույլ չտալ, որ տեղի ունենա դատավորի վրա ճնշում գործադրելուն ուղղված ցույց, քանի որ այդ կերպ դատական համակարգը չի կարող անկախ լինել, իսկ սպասվող հավաքը խաղաղ բնույթ չի կարող կրել:

Ավելի վաղ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որում ասվում էր.

«Սիրելի՛ հայրենակիցներ, տեղեկություններ կան, որ Ռոբերտ Քոչարյանի դատավորը ենթարկվում է ճնշումների և այսօր ցանկանում է փոխել նրա խափանման միջոցը:
Չի կարելի թույլ տալ, որ Երևան քաղաքը տանկերով գրաված, 10 քաղաքացիների կյանք խլած, հազարավոր մարդկանց ճակատագրեր խեղած մարդուն ազատ արձակեն Ղարաբաղի 2 նախագահների երաշխավորությամբ և 20-30 աջակիցների կողմից դատարանի բակում «Ազատությո՛ւն հերոսին» ակցիաների ճնշման տակ:

Միմիայն ժողովրդի ստվար զանգվածը, նրա ահագնացող ցասումը և պատժի անխուսափելիությունը կստիպեն դատավորին արդար որոշում կայացնել:

Այսօր ժամը 13:00 բոլորս դեպքի Նոր Նորքի դատարան»:

Փաստաբանի խոսքով, դատարանի որոշմանն ընդառաջ իշխող կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը դատարանի նկատմամբ ճնշումներ է իրականցնում և սա ոչ այլ ինչ է քան Սահմանադական կարգի տապալում:

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը հրապարակվելու է մայիսի 18-ին՝ ժամը 16:00-ին։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս