ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News
«Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին երկու դատապարտյալների միջև միջադեպ է գրանցվել: Սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանին, որը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է, կալանավայրում փորձել են դանակահարել: Տեղեկությունը 24News-ի հետ զրույցում հաստատեց Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Ըստ նրա՝ միջադեպը տեղի է ունեցել խցակից դատապարտյալների միջև։ Մայիսի 19–ին Ղուկասյանի խցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո երկու դատապարտյալներ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։
«Դատապարտյալներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել. նրանց հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չի եղել» ,- նշեց Նոնա Նավիկյանը։ Փաստի կապակցությամբ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2014թ.-ին 17 տարվա ազատազրկման դատապարտեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդուն՝ Վահե Ղուկասյանին: Վահե Ղուկասյանը մեղադրվում էր «Շեկո» մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության և ապօրինի զենք կրելու մեջ: