ՀՀ ՖՆ-ը գնումների գործընթացը համակարգողների համար դասընթացներ է կազմակերպել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 21, 24News

.

ՀՀ ֆինանսների նախարարությունում մայիսի 21-ին մեկնարկել են գնումների ոլորտի ենթաօրենսդրական կարգավորումների վերաբերյալ դասընթացները, որոնց նպատակն է գնումների համակարգողներին ներկայացնել ոլորտում տեղի ունեցած հիմնական բարեփոխումները: Դասընթացի առաջին օրը ենթաօրենսդրական փոփոխությունները ներկայացվել են գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից,  ՀՀ ՖՆ գնումների քաղաքականության վարչության պետ Սերգեյ Շահնազարյանի խոսքով՝ ոլորտում ախտորոշված խնդիրների հիման վրա կատարվել է փոփոխություն ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի 526-Ն որոշման մեջ, որն էլ նախորդ 7 ամիսների ընթացքում հանրային քննարկման է դրվել       e-draft.am կայքում, ինչպես նաև քննարկվել է պատվիրատուների, մատակարարների և այլ շահագրգիռ կողմերի հետ: 

«Որոշումն արդեն ընդունվել է կառավարության կողմից և ուժի մեջ կմտնի օրենքով սահմանված ժամկետում: Բարեփոխումների հաջորդ փուլը կլինի գնումների մասին օրենքում փոփոխություններ կատարելու գործընթացը: Ֆինանսների նախարարությունը բաց է համագործակցության համար և կոչ է անում շահագրգիռ կողմերին ներկայացնել իրենց առաջարկները»,- ասել է Շահնազարյանը:

Նա նշել է, որ ենթաօրենսդրական կարգավորումների վերանայումը նախատեսում է հրավերով սահմանված մինչև 25 տոկոս կանխավճարի տրամադրման հնարավորություն, խտրական պայմանների բացառում, ոլորտում մրցակցության և գրավչության աստիճանի բարձրացում և այլն:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից իրականացվող նման դասընթացների նպատակն է բարձրացնել գնումների համակարգողների մասնագիտական կարողությունները, դրանք կունենան պարբերական բնույթ:

Գերատեսչությունների գնումների գործընթացը համակարգողների հետ քննարկվել են նաև ընթացիկ հարցեր:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս