Միջազգային մամուլը քննարկում է Մխիթարյանի՝ Բաքվում կայանալիք խաղին չմասնակցելու որոշումը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 22, 24News

Մխիթարյան

Հեներիխ Մխիթարյանի՝ մայիսի 29-ին Բաքվում «Արսենալ»-«Չելսի» հանդիպմանը  չմասնակցելու որոշումը մեծ աղմուկ է հանել  միջազգային մամուլում: «Արմենպրես»-ը մեկտեղել է համաշխարհային հայտնի պարբերականների` թեմային անդրադարձը։

«Guardian» պարբերականը հրապարակել է «Արսենալ»-ում Մխիթարյանի խաղընկեր Ալեքս Իվոբիի հայտարարությունն այն մասին, որ «Արսենալ»-ը ցանկանում է հաղթել Եվրոպայի լիգայի գավաթը հանուն Հենրիխ Մխիթարյանի:

«Ես հիասթափված եմ, որ Մխիթարյանը բաց է թողնելու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում «Արսենալ»-ի համար տեղ երաշխավորելու հնարավորությունը: Մենք պատրաստվում ենք պայքարել, և հույս ունեմ, կկարողանանք նվաճել տիտղոսը ոչ միայն հանուն մեզ, այլ հանուն նրա»,- ասել է նիգերացի կիսապաշտպանը: «Արսենալ»-ի գլխավոր մարզիչը ևս նշել է, որ եզրափակիչ հանդիպմանը Մխիթարյանի չմասնակցելը վատ լուր է իրենց համար:

CNN-ը, անդրադառնալով թեմային, հայտարարել է, որ «Արսենալ»-ի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն անվտանգության նկատառումներից ելնելով է դուրս մնացել թիմի հայտացուցակից։ «CNN»-ը ներկայացրել է նաև «Արսենալ»-ի հայտարարությունն այն մասին, որ Մխիթարյանը բաց է թողնելու Բաքվում կայանալիք հանդիպումը, ինչպես նաև Հենրիխ Մխիթարյանի գրառումն այն մասին, որ իր համար ցավալի որոշում է Եվրոպայի լիգայի եզրափակչին չմասնակցելը: 

CNN-ը նաև հիշեցնում է, որ արդեն երկրորդ անգամ, քաղաքական նկատառումներից ելնելով, «Արսենալ»-ը ստիպված է լինում հայտացուցակից դուրս թողնել ֆուտբոլիստին:  Աղբյուրը հիշեցրել է, որ անցած տարի Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլում Հենրիխ Մխիթարյանը բաց է թողել նաև ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ արտագնա հանդիպումը: 

«Economist»-ի՝ հենրիխ Մխիթարյանի անդրադարձն սկսում է ֆուտբոլիստի հաջողությունները ներկայացնելով:

«Հենրիխ Մխիթարյանը սովորական հայ չէ: Նա 30 տարեկանում հասցրել է 8 անգամ դառնալ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Նա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն է և հանդես է եկել մի շարք եվրոպական մեծագույն ակումբներում»,- գրում է հանդեսը:

Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա հակամարտությանը՝ պարբերականը նշում է, որ Մխիթարյանը, քաղաքական նկատառումներից ելնելով, չի մասնակցելու Եվրոպայի լիգայի եզրափակիչ խաղին, որը կայանալու է Բաքվում։ 

««Արսենալ»-ը հայտարարել է, որ ակումբն ՈՒԵՖԱ-ից ընդունելի երաշխիքներ չի ստացել, որ Հենրիխ Մխիթարյանի համար Բաքվում անվտանգ կլինի»,- գրում է հանդեսը:

«Economist»-ը նաև նկատում է, որ Մխիթարյանին հայտացուցակից դուրս թողնելու որոշումը զայրացրել է «Արսենալ»-ի երկրպագուներին, որոնք արդեն իրենց դժգոհությունն են հայտել Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպումը Բաքվում անցկացնելու որոշման դեմ: 

Հենրիխ Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակը առաջացրել է նաև բազմաթիվ մարզական լրագրողների և վերլուծաբանների դժգոհությունը: Բազմաթիվ լրագրողներ և վերլուծաբաններ սոցիալական ցանցերի իրենց էջերում ստեղծված իրավիճակի շուրջ իրենց դժգոհությունն են արտահայտել: «Daily Telegraph»-ի լրագրող Մեթ Լոուն «Արսենալ»-ին և «Չելսի»-ին առաջարկել է բոյկոտել Բաքվում կայանալիք եզրափակիչ խաղը: Ռուս մարզական մեկնաբան Վասիլի Ուտկինը աջակցություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին և վերադարձրել է դեպի Բաքու ինքնաթիռի տոմսը: Հայտնի բրիտանացի լրագրող և հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը նույնպես անդրադարձել է Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու հետ կապված խնդիրներին: ««Չելսի», դուք ունեք բազմաթիվ հայ երկրպագուներ։ Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակում չեք պատրաստվո՞ւմ որևէ քայլ անել։ Եթե «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն հրաժարվեն խաղալ Բաքվում, ՈւԵՖԱ-ն կտեղափոխի եզրափակիչը»,- թվիթերյան  միկրոբլոգում գրել է Մորգանը:

Մխիթարյանի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադարձել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ Հենրիխ Մխիթարյանին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու համար անվտանգության բավարար երաշխիքներ չտալն ու ենթադրյալ հայկական ծագում ունեցող երկրպագուների մուտքն Ադրբեջան արգելելը ռասիզմի նոր դրսևորում է:

«Եթե ադրբեջանական կողմից համապատասխան անվտանգության երաշխիքներ տրվեին, որոնք կբավարարեին և՛ Հենրիխ Մխիթարյանին, և՛ իր թիմին, ապա արտաքին գործերի նախարարությունը որևէ առարկություն չունի Հենրիխ Մխիթարյանի մասնակցությանը Բաքվում կայանալիք խաղին»,- ասել է Նաղդալյանը:

 

Տեսանյութեր

Live

Լրահոս