Դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը Գլխավոր դատախազությունը մերժել է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News

Իրավական

Դատախազությունը մերժել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբանի բողոքը ԱԱԾ-ի՝ Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման դեմ։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ 

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանի փաստաբանը բողոքարկել էր ԱԱԾ-ի այն որոշումը, որով մերժվել էր Գրիգորյանի աշխատասենյակի խուզարկության դեպքի առթիվ քրեական գործի հարուցումը։ 
Հիշեցնենք նաև, որ Դավիթ Գրիգորյանի որոշմամբ մայիսի 18-ին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ազատ էր արձակվել կալանքից՝ անձնական երաշխավորության դիմաց: Իսկ մայիսի 20-ին Գրիգորյանը որոշում էր կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և ՍԴ դիմելու մասին։
Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով պաշտոնեական կեղծիք կատարելու համար և կասեցվել են նրա լիազորությունները։