Աշխատողին հարկադիր ազատելու դիմում գրելու համար պատիժ սահմանելը մերժվեց․ առաջարկը ԲՀԿ-ին է

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4, 24News

ԲՀԿ

ԲՀԿ-ն առաջարկում է աշխատանքից (հանրային ծառայուանն պաշտոնից) ազատվելու կամ այլ աշխատանքի տեղափոխվելու դիմում տալ հարկադրելը պատժել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով կամ էլ որոշակի պատշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելուց զրկելով՝ 2-3 տարի ժամկետով:

«ՀՀ գործող քրեական օրենսգիրքը, կներեք, պարտիզանի սառնասրտությամբ է հետևում այս դեպքերին, չունի իրավանորմ, որը պատասխանատվություն կենթարկի աշխատողին հարկադրաբար աշխատանքից ազատելու համար, դրա համար էլ այս նախագիծը ծնվեց», - ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասել է հիմնական զեկուցող ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ապա հավելել, որ աշխատողների իրավունքների խախտման երևույթներ այսօր առկա են թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում։

«Հիմա անուններ չեմ հնչեցնի, որ չստացվի առավոտ շուտ եկել եմ բամբասելու սրանից նրանից, բայց գործադիրում էլ կա: Մարդուն ասում են՝ այսօր ես եմ նախարարը կամ փոխնախարարը, դու պիտի ստեղ չաշխատես: Հիմնարկները վեր են ածում սեփական բոստանի», - ասել է պատգամավորը:

«Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանը համաձայն է, որ նման խնդիր կա, բայց կարիք չի տեսնում այն լուծել` քրեական օրենսգրքում հոդված ավելացնելով:

«Ոնց որ ասեք՝ դուրսը ձյուն կա, ասեմ՝ հա, կա, բայց պատառաքաղով պետք չի այն մաքրել: Միջոցը, որով ուզում ենք այդ խնդիրը լուծել, չի բերելու դրա լուծմանը», - ասել է Գրիգորյանը, ապա խնդրել, որպեսզի հստակեցվի՝ ում նկատի ուներ գործընկերը, երբ խոսում է պետական սեկտորում նման երևույթների մասին:

«Նկատի ունեի վերջին շրջանում ՀՀ գործող արդարադատության նախարարի և նրա նախկին տեղակալի հետ կապված, ամբողջ համացանցը ողողած այն ինֆորմացիան, որ արդարադատության նախարարն իր տեղակալին ասել էր՝ Դուք աշխատանքից պիտի ազատվեք, որովհետև Դուք չեք մտնում իմ կոնցեպցիայի մեջ», - ասել է Պետրոսյանը:

Ի պատասխան՝ Գրիգորյանն ասել է. «Որպես ՀՀ քաղաքացի՝ չեմ ուզում, որ իր ԱԴ նախարարության տեղակալ աշխատի մի մարդ, որը տեղյակ չէ, որ նոր նախարար նշանակվելուց հետո ինքն արդեն ժամանակավոր պաշտոնակատար է, առհասարակ, իր կողմից դիմում ներկայացնելու անհրաժեշտություն չկա, որ մի հատ էլ իրեն խնդրեն, որ դիմում ներկայացնի»:

Նախագիծը դրական եզրակացություն չստացավ և չընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգ: