Միջազգային հետախուզման մեջ գտնվող բանկիրի փողերի հետքը տանում է Հայաստան

ԵՐԵՒԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News 

BTA Bank

Վերջերս համացանցում մեծ աղմուկ հանեց Միացյալ Նահանգներում բնակվող Գեորգի Իոսիֆյան անունով հայ գործարարի հայտարարությունը, ըստ որի 2008-2012 թթ-ին մեր երկրում հափշտակել են նրա ներդրած գումարները՝ սնանկացման եզրին հասցնելով իր հիմնադրած BTA բանկը։ Ընդ որում, կորսված գումարի չափը տարբեր հարցազրույցներում Իոսիֆյանը  բավական տարբեր է նշում՝ 3 մլն-ից մինչև 17 մլն ԱՄՆ դոլար։ Տեղի ունեցածի հետքերով 24News-ն իրականացրեց լրագրողական հետաքննություն, որը, ի զարմանս մեզ, ցույց տվեց, որ այդ գումարների հետևում կանգնած է միջազգային հետախուզման մեջ գտնվող ղազախստանցի հայտնի բանկիր, BTA բանկի նախկին նախագահ Մուխտար Աբլյազովը, ով մեղադրվում է աշխարհի գրեթե մեկ տասնյակ երկրում՝ այդ թվում  Ռուսաստանում, Ուկրաինայում, Անգլիայում և Շվեյցարիայում, ֆինանսական միլիարդավոր դոլլարների հասնող հանցագործություններ կատարելու մեջ, իսկ իր հայրենիքում հեռակա կարգով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ 

Վերջինիս մասին ամբողջական տեղեկատվություն ներկայացված է ղազախական «Սպուտնիկի» հոդվածում՝ մեղադրանքներից մինչև փախուստ, հետախուզում, դատական գործեր Անգլիայում, Շվեյցարիայում, Իտալիայում և Ֆրանսիայում։ 

ԲՏԱ բանկ

Գեորգի Իոսիֆյանի և Մուխտար Աբլյազովի կապի մասին կարողացանք պարզել եզակի հարցազրույցից, որ Իոսիֆյանը տվել է հայաստանյան NewsArmenia  գործակալությանը՝ հեռավոր 2008 -ին։ Ընդ որում, նա այս հարցազրույցում ներկայանում է իբրև ԲՏԱ բանկի գործադիր տնօրեն և խորհրդի անդամ, իսկ ամբողջ հարցազրույցի ժամանակ իր հիացմունքն է արտահայտում այդ օրվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործող վարչապետ Սերժ Սարգսյանի, ինչպես նաև գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու կապի և տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանի մասին։ 

Վերջինս նաև գոհունակություն է հայտնում Ղազախստան այցելության ժամանակ Սերժ Սարգսյանի և հենց նույն Մուխտար Աբլյազովի հանդիպումից՝ նշելով, թե Հայաստան է եկել՝ ԲՏԱ բանկի հիմնադրումը կազմակերպելու համար։ Ներկայացնում ենք հատվածներ այդ հարցազրույցից, որն ամբողջապես կարելի է կարդալ այստեղ։

ԲՏԱ Բանկ
ԲՏԱ բանկ

Ինչևիցե, համացանցում տարածված նյութերի համաձայն 2008 թ-ին ԲՏԱ բանկը ստանում է Հայաստանում գործելու լիցենզիա իբրև «ԲՏԱ-Հայաստան», իսկ արդեն 2009 թ-ին բանկն ունենում է 16 մլն դոլար չվճարված գումար պարտքատերերի կողմից, որոնց շարքին, ըստ նույն աղբյուրների, պատկանում են «Ջոս» ակումբի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանը և ՀՀ պաշտպանության փոխնախարար Արշալույս Փայտյանը` իր ընտանիքին պատկանող «Փայտ Գրիգ» ընկերությունով։ Բանկային համակարգի մասնագետները 24News-ի հետ զրույցում նշում են, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում այդքան անհաջող և անվստահելի վարկերի տրամադրումը, ամենայն հավանականությամբ, խոսում է փողերի լվացման փորձի մասին։ Զարմանալի զուգադիպությամբ նույն Մուխտար Ալբազովը 2009  թ-ին հեռացվում է ԲՏԱ բանկի խորհրդի նախագահի պաշտոնից, փախչում Ղազախստանից, իսկ նրա նկատմամբ ֆինանսական ահռելի զեղծարարություններ կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարվում։ 

2012 թ-ին արդեն Իոսիֆյանը հայկական մամուլում հայտնվում է ոչ իբրև ԲՏԱ մայր բանկի գործադիր տնօրեն և վարչության անդամ, ինչպես ներկայացել էր 2008 թ-ին, այլ արդեն՝ Ռուսաստանի քաղաքացի և «Ռենովա» ընկերության տնօրեն։ Այդ ժամանակ նա սկսում է պնդել, որ իրենից նույն բանկի միջոցով հափշտակվել է ահռելի գումար։ Նկատենք, որ նա մեղադրում է այն բանկին, որի համաշխարհային գործադիր տնօրենն էր ինքը դեռ 4 տարի առաջ։ Հետո, արդեն, վերջինս սկսում է հայտարարել, թե այդ գումարն իրենից «խլվել է» նախկին բարձրաստիճան պաշտոնյաների օգնությամբ՝ իբրև օրինակ բերելով զանազան ֆինանսական մեխանիզմներ, որոնց մեծամասնությունը, ինչպես ինքն է խոստովանում, եղել է հենց իր առաջարկով։ 

Iosifyan

Վերջինս մեղադրում է ֆինանսական մեքենայությունների համար «Ջոս» ակումբի նախկին սեփականատեր Մհեր Ավետիսյանին՝ հայտարարելով, թե Ավետիսյանը հանցավոր գործարքի մեջ է մտել ԲՏԱ-ի հայաստանյան տնօրեն, ազգությամբ ղազախ Մարատ Եվտաելեւի հետ, ընդ որում  այն Եվտալեևի, որին հենց ինքն է նշանակել բանկի կառավարիչ Երևանում։ 

2016 թ-ին Հայաստանի Կենտրոնական բանկը զրկում է «ԲՏԱ Հայաստան» բանկին արտոնագրից, և այն միաձուլվում է «ՀայԷկոնոմբանկի» հետ»։ Այս մեքենայություններով լի պատմությունից, որում Իոսիֆյանը և, ամենայն հավանականությամբ, միջազգային հետախուզման մեջ գտնվող Մուխտար Ալբազովը վերջին դերակատարությունը չեն ունեցել, անցել է 7 տարի։ Վերին օրերին Իոսիֆյանը հայտնվեց արդեն հայկական մամուլի ուշադրության կենտրոնում իբրև ԱՄՆ քաղաքացի ու գործարար, ում տարիներ առաջ «գցել են» Երևանում։ Նա հայտարարեց, թե թավշյա հեղափոխությունից հետո պատրաստվում է հայց ներկայացնել ընդդեմ Հայաստանի Հանրապետության միջազգային դատարանում՝ նշելով, թե իր փաստաբանների հետ քննարկում է 4 տարբերակ։ Այստեղ, սակայն, տրամաբանական հարց է առաջանում, թե Իոսիֆյանը եթե պետք է վիճարկեր իր ֆինանսական հարցերը միջազգային, այլ ոչ թե ներհայաստանյան դատական ատյաններում, ինչու է սպասել գրեթե 7 տարի, չէ որ նախկին «հանցավոր ռեժիմը», ինչպես հայտարարում է հենց ինքը՝ կասկածելի պատմությամբ բանկիրը՝ չէր կարող ազդել, օրինակ, Լոնդոնի կամ Հաագայի արբիտրաժային դատարանների վրա։ Մեկ այլ տրամաբանական հարց, որ առաջանում է այս խառը պատմությունից՝ ինչու՞ է Իոսիֆյանը դատի տալիս ՀՀ-ին, այլ ոչ թե այն անձանց, ում նա կասկածում է գցելու մեջ։ Ի դեպ, մենք նաև ուսումնասիրեցինք Իոսիֆյանի ֆեյսբուքյան էջը, որի աղքատիկ պատմության մեջ աչքի զարնեց ամերիկահայ փաստաբան Արա Մանուկյանի գրառումով կիսվելու փաստը, այն Արա Մանուկյանի, ում նկատմամբ վերջերս մանկապղծության սարսափելի  մեղադրանք առաջադրվեց Կալիֆորնիայի դատարանում։ 

Արա Մանուկյան

Հ.Գ. Ընդհանրապես, Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո հայտնվել են բավական մեծ թվով «ավանտյուրիստներ», ովքեր, փորձելով օգտագործել թավշյա հեղափոխության փաստը, հայտարարում են իրենց նկատմամբ անարդար վերաբերմունքի մասին։ Փորձելով կոծկել իրենց իսկ կատարած մեքենայություններն ու հանցագործությունները՝ վերջիններս շահագրգռված են երկրից պոկել բավական կլորիկ գումարներ։ 

Հ.Գ.1 Հայաստանում վերջին 20-25 տարիներին բանկային համակարգը կայացած եզակի ինստիտուտներից է։ Այս ընթացքում մեր երկրում չի եղել դեպք, որ բանկ «պայթի» կամ հրաժարվի վճարել ավանդատուների գումարները։ ԲՏԱ բանկի ոդիսականը ցույց է տալիս, որ այն սնանկացման տանելու գործում կարող էին շահագրգռված լինել միայն գործող սեփականատերերն ու կառավարիչները՝ այս պարագայում Մուխտար Ալբազովն ու Գեորգի Իոսիֆյանը։ 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news