Փոխանակումը ճիշտ մոտեցում չէ, աշխատում եմ Հայաստան վերադարձնել իմ քաղաքացիներին․ Տոնոյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

 

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարությանն առ այն, որ Բաքուն պատրաստ է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին՝ ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հե՝ լրագրողների հետ զրույցում պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց․ «Ես հանդիպում եմ ունեցել երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչի հետ, ինձ պաշտոնապես փոխանցվել է  առաջարկությունը` ադրբեջանական որոշ քննարկումների, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող»։

«Մենք սկզբունքորեն դեմ չենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին իրենց տները վերադարձնելուն և  աջակցելու ենք այդ գործընթացին: Սա մաքուր հումանիտար գործողություն է»,-ասաց նա և նշեց, որ պետք է տարանջատել ՀՀ քաղաքացիներին  Ադրբեջանի քաղաքացիներից, որոնք այժմ գտնվում են Լեռնային Ղարաբաղում:

«Ես փոխանակման տեսանկյունից չեմ դիտարկում և դա առնվազն ճիշտ մոտեցում չէ Պաշտպանության նախարարի կողմից, ես աշխատում եմ, որ վերադարձնեմ իմ քաղաքացիներին Հայաստան»,-ասաց նա:

Հարցին, թե բացառո՞ւմ է փոխանակման տարբերակը, Դավիթ Տոնոյանն ասաց.«Չեմ բացառում, բայց դա Լեռնային Ղարաբաղի սուվերեն որոշումն է»: