Քոչարյանը կմնա կալանքի տակ․ դատարանը գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժեց

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ որոշում կայացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը թողնել անփոփոխ՝ կալանավորում։ 

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստին Աննա Դանիբելյանը կրկին մերժել էր Քոչարյանի փաստաբանների ներկայացրած միջնորդությունը՝ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, որից հետո փաստաբանները կրկին միջնորդություն ներկայացրին գրավի դիմաց ազատելու մասին։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 4-ին ՍԴ-ն, քննելով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում: