Մեր մեկ ընդհանուր դրոշը պետք է լինի Արցախի դրոշը․ ԱՀ նախագահի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Անդրադառնալով Բաքվի հայտարարությանը, թե պատրաստ են Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներ Կարեն Ղազարյանին և Արայիկ Ղազարյանին փոխանակել ԼՂՀ-ում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի հետ՝  այսօր լրագրողների հետ ճեպազրույցում Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն ասաց․ «Այսպիսի հայտարարությունները մենք շատ լուրջ պետք է ընդունենք, չի բացառվում, որ Ադրբեջանն անցնի ահաբեկչական այլ քաղաքականության, փորձի առևանգել հայերին արտասահմանում, հետո փորձի կրկին անգամ փոխանակման այլ այլասերված տարբերակներ առաջարկել» ։ 

Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է և վերջ» խոսքերին՝ ԱՀ նախագահի խոսնակն ասաց. «Իսկ ո՞վ չի ուզում, որ Արցախը պաշտոնապես դարձնենք մեկ միասնական պետություն, բայց դրա համար ձև կա, ժամանակ կա։ Այս պահին մենք երկու կարևորագույն իրադարձություն ունենք՝ ԱՀ հռչակումն ու ՀՀ անկախացումը, այս պահին այդպես է ստացվել, մենք չենք ընտրել այդ ճանապարհը, պարտադրված էր աշխարհաքաղաքական զարգացումներով»։

Նա նաև նշեց, որ նպատակ կա 2 պետությունները դարձնել 1 և ստեղծել մեկ ընդհանուր հայրենիք և մեկ պետություն։

«Ես դրա մասին եմ երազում և կարծում եմ, որ մեր մեկ ընդհանուր դրոշը պետք է լինի Արցախի դրոշը, ոչ թե որովհետև Արցախինն է, այլ որովհետև խորհրդանշում է ազատագրված և ազատագրվելիք հայրենիքը, իսկ հայոց լեռնաշխարհը շատ ավելի մեծ է»,-նշեց Բաբայանը։