«Ռեալ» ֆուտբոլային ակումբում գործում են կարգապահական խիստ կանոններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5, 24News

Սպորտ

Պարզվում է` «Ռեալ» ֆուտբոլային ակումբում գործում են կարգապահական խիստ կանոններ: Ֆուտբոլիստները պետք է ակումբի մարզաբազա ներկայանան մարզումից 45 րոպե առաջ: 5 րոպեով ուշանալը ֆուտբոլիստի համար կարժենա 250 եվրո, 15 րոպե ուշացումը՝ 500 եվրո, ավելի երկար ժամանակով ուշացումը՝ 1000 և ավելի եվրո: Իսկ եթե մարզիկը ընդհանրապես չգա մի մարզմանը և չունենա հարգելի պատճառ, ապա կտուգանվի 3000 եվրո գումարով: Հանդերձարանում և տրանսպորտային միջոցներում ևս կանոնները խիստ են:

Հանդերձարանում և թիմի ավտոբուսում ֆուտբոլիստները  պարտավոր են հեռախոսները պահել անձայն ռեժիմի վրա: Առաջին խախտման համար տուգանքը  250 եվրո է: Հետագա խախտումների համար՝ 500-1000 եվրո:

Յուրաքանչյուր ֆուտբոլիստ շաբաթը առնվազն մեկ անգամ պետք է կշռվի: Չկշռվելու տուգանքը 250 եվրո է: Եթե ֆուտբոլիստի քաշը գերազանցում է թույլատրելի չափը, նա ստիպված կլինի վճարել 1000 եվրո:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցները ֆուտբոլիստները պետք է նախապես համաձայնեցնեն «Ռեալ»-ի ղեկավարության հետ, այլապես կտուգանվեն 1000 եվրո գումարով:

Այս տվյալները հրապարակել է իսպանական Deportes Cuatro պարբերականը: