Քննչական կոմիտեն ստացել է Վիգեն Սարգսյանի քրգործը. ինչի՞ հետ է այն կապված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14, 24News

վիգեն

ՀՀ քննչական կոմիտեն քիչ առաջ ստացել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անվան հետ կապված քրեական գործը։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Գլխավոր դատախազության պարզաբանմամբ՝ քրեական գործի շրջանակներում նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի որոշմամբ վերացվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչության քննիչի որոշումը՝ քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելու մասին, և մի շարք անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե հետագա նախաքննությունը շարունակելու համար։

Մասնավորապես՝ քրեական գործով հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող տարածքների անհատույց օգտագործման իրավունքով բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողներին տրամադրման հարցի քննարկման լիազորությունը վերապահված է եղել ՀՀ ՊՆ կենտրոնական բնակարանային հանձնաժողովին, մինչդեռ Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի շենքերից մեկի բնակարաններից 29-ի հատկացումների վերաբերյալ որոշում է կայացրել ՀՀ պաշտպանության նախարարը, և այդ բնակարանների հատկացման հարցն ընդհանրապես չի քննարկվել հանձնաժողովի կողմից, իսկ հանձնաժողովի քննարկման արդյունքում նշված շենքի մի շարք բնակարաններ, ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարությամբ, հանձնաժողովի կողմից հատկացվել են ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի խախտմամբ, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել ՀՀ ՊՆ համակարգի մշտական բնակմակերեսի կարիքավոր զինծառայողների իրավունքներին, վերջիններիս և պետության օրինական շահերին:

Ինքը՝ Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ այս քրեական գործով ձեռնարկում են ակնհայտորեն քաղաքական նպատակներ հետապնդող քայլեր: Նախկին պաշտոնյայի խոսքով՝ այս առանձին գործով քննվող գործընթացին առնչություն ունեցող անձինք, այդ թվում` բնակարան ստացածներն ու չստացածները, քաջատեղյակ են, որ գործընթացն իրականացվել է օրենքի պահանջներին համապատասխան, հստակ սկզբունքներով և չափանիշներով:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին քննչական կոմիտեն հայտարարել էր, որ բավարար ապացույցների համակցություն է ձեռք բերվել՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքով որպես մեղադրյալ ներգրավելու համար։ Այնուհետև հայտնի դարձավ, որ գործը փոխանցվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news