«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել»․ Կարո Փայլանը գրառում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Կարո

Ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը անդրադարձել է Սիրիա ներխուժած թուրքական զինուժի գործողություններին դեմ արտահայտվողների նկատմամբ Թուրքիայում իրականացվող հետապնդումներին և դատապարտել երևույթը։ Այդ մասին Փայլանը գրառում է արել թվիթերյան միկրոբլոգում։

«Խաղաղություն ցանկանալը Թուրքիայում հանցանք է դարձել, պարո՛ն նախագահ:

«Ո՛չ պատերազմին, խաղաղություն հենց հիմա» միտքը հնչեցրած 9 ԺԴԿ-ական կալանավորվել է:

Ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկանալն է հանցանք»,-գրել է Կարո Փայլանը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ԺԴԿ-ականները Ստամբուլի Բեշիքթաշ թաղամասում ԺԴԿ-ի հիմնադրման 7-ամյակին նվիրված հանրային միջոցառման ժամանակ քննադատել են Թուրքիայի կողմից Սիրիայում քրդերի դեմ իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության վերաբերյալ: Ոստիկանությունը միջամտել է և փորձել դադարեցնել միջոցառումը՝ ձերբակալելով 9 ԺԴԿ-ական, որոնք կալանավորվել են «ահաբեկչական կազմակերպության օգտին քարոզչություն անելու» համար: