Ոստիկանին սպանելու կասկածանքով երկու անձ բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 16, 24News

բերման

Ոստիկանության մի շարք ստորաբաժանումների ծավալուն և տարաբնույթ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել ու ոստիկանություն բերման են ենթարկվել երկու անձ՝ ժամեր առաջ Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողին հրազենի գործադրմամաբ սպանելու կասկածանքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։

«Մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ընդգծել է նա։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ ժամը 04․30-ի սահմաններում, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի գիշերային ծառայություն իրականացրած կարգախմբերից մեկի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են։ Այդ ընթացքում նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել նրանցից մեկի վրա, ինչպես նաև ատրճանակի բռնակով հարվածել մյուս ոստիկանին։ Ոստիկաններից մեկը մահացել է, մյուսը՝ ստացել վիրավորում։