Ինչո՞ւ են թիվ 19 պոլիկլինիկայի որոշ բժիշկներ ազատվել աշխատանքից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Հասարակություն

Երևանի թիվ 19 պոլիկլինիկայի բժիշկները դժգոհում են, որ պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանը մի քանի բժիշկների ազատել է աշխատանքից։

«Հոկտեմբերի 11-ին տեղեկացել եմ, որ ազատվում եմ աշխատանքից, տնօրենը պատճառաբանեց, որ Արսեն Թորոսյանի հրամանով մանկական նեղ մասնագետները՝ էնդոկրինոլոգները, մանկական կարդիոլոգները, գինեկոլոգներն իրավունք չունեն աշխատելու առանց լիցենզավորման», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց թիվ 19 պոլիկլինիկայի նախկին մանկական և մանկաբարձ գինեկոլոգ Մարինա Վիրաբյանը։

Նա նշեց, որ դիմել է առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանին, վերջինս տեղեկացրել է, որ նախարարը հրամայել է ոչ թե ազատել բժիշկներին աշխատանքից, այլ ապահովել նրանց վերապատրաստումը։

«Ես ակտիվիստ եմ եղել, այստեղ միայն վրեժխնդրություն կա, այդ պատճառով էլ տնօրենն ինձ ազատեց աշխատանքից՝ ընդունելով նոր մասնագետների։ Իմ հանդեպ խտրականություն է ցուցաբերվել, չգիտես՝ ինչպես, էնդոկրինոլոգի և այլ բժիշկների վերապատրաստման հարցը մեկ օրում լուծվեց, իմը՝ ոչ», - ասաց Մարինա Վիրաբյանը։

Մեծահասակների ակնաբույժ Մետաքսյա Մելքոնյանը 24News-ի հետ զրույցում նշեց, որ աշխատողներին աշխատանքից ազատելու պատճառը հիմնավոր էր, քանի որ չունեին լիցենզավորում, սակայն սա ոչ թե հիմք էր, որպեսզի գործատուն լուծարեր պայմանագիրը, այլ բժիշկները պետք է լինեն հարկադիր պարապուրդի մեջ մինչև կանցնեն վերապատրաստման համապատասխան դասընթացները, կստանան համապատասխան որակավորումը, որից հետո կարող են վերադառնալ իրենց աշխատանքին։

«Այս պատրվակով, այն բժշկին, որն ունի բազմամյա փորձ, հեռացնում են մեկ օրում և պարտականությունները տալիս են բաժանմունքի այն աշխատողներին, որոնք ոչ միայն չունեն որակավորում, այլ նաև աշխատանքային փորձ։ Ներքին, «յոլա տանելու» սկզբունքն է գործում», - նշեց ակնաբույժը։

Մետաքսյա Մելքոնյանը համաձայնեց Մարինա Վիրաբյանի այն պնդմանը, որ տնօրենը վրեժխնդրություն ունի։ Բժիշկը նշեց, որ նույնիսկ խորհրդակցություն չի եղել աշխատանքից ազատելուց առաջ, մարդիկ, որոնք փորձել էին բարձրաձայնել պոլիկլինիկայի ներքին խնդիրները և հարցին տալ լուծում, հայտնվեցին տնօրենի թիրախում։ Մելքոնյանի խոսքով՝ աշխատանքային ժամերի փոփոխություններ են լինում, ժողովներ, որոնց մասին աշխատողները չեն ծանուցվում։

«Հարյուր անգամ բարձրանում ենք տնօրենի աշխատասենյակ, որպեսզի հարց տանք, ասում են տնօրենը տեղում չի, քարտուղարուհին ոչ ադեկվատ ձևով կարող է պատասխանել, որը նաև այս պահին զբաղեցնում է կադրերի տեսուչի դերը։ Երբ մտնում ես տնօրենի մոտ, արհամարհական և մանիպուլյատիվ վերաբերմունքի ես արժանանում», - ասաց Մետաքսյա Մելքոնյանը։

Բժշկի խոսքով՝ հոկտեմբերի 14-ից բավականին լուրջ խառնաշփոթ է պոլիկլինիկայում, ծնողների, մեծահասակների հերթեր են գոյացել:

 «Այն աշխատողները, որոնք ազատվել են, աշխատասենյակի ցուցանակները փորում-հանում էին, որոնք վրեժխնդրության և ատելության միտումներ են», - պատմեց Մելքոնյանը։

24News-ը փորձեց կապ հաստատել թիվ 19 պոլիկլինիկայի տնօրեն Սամվել Սարգսյանի հետ, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։

19 պոլիկլինիկայի բուժական գծով փոխտնօրեն Սուսաննա Նալչադյանը մեզ հետ զրույցում նշեց, որ աշխատանքից ազատելու պատճառները ամբողջությամբ համապատասխանում են առողջապահության նախարարի հրամանին, այլ մանրամասներ չցանկացավ հայտնել։

«2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա։ Լիցենզավորվելուց հետո կազմակերպության կողմից չեն ներկայացվել կադրային փաստաթղթերը, այդ իսկ պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել են լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը», - 24News-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։

Մամուլի քարտուղարի խոսքով՝ բժիշկներին ազատող մարմինը տնօրենն է, որը խախտել է օրենքը՝ չներկայացնելով կադրային փաստաթղթերը, նախարարության կողմից աշխատողներին ազատելու հրաման չի եղել, իսկ վերապատրաստման և լիցենզիա ունենալու վերաբերյալ որոշումը վաղուց է կայացվել», - նշեց Ալինա Նիկողոսյանը։