Ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության շղթա են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News

Օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնց հիման վրա սկսեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել։ Արդյունքում Մաշտոցի պողոտայում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 19-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ ապօրինի թմրամիջոց պահել, օգտագործել և իրացնել։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայի նմանվող զանգված՝ 7 գրամից ավելի քաշով։

Հետագա միջոցառումներով՝ Նոր Նորքի քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ բերման ենթարկվածը թմրամիջոցի նմանվող զանգվածը 20․000 դրամով ձեռք է բերել մայրաքաղաքում ապրող 33-ամյա մի տղամարդուց։ Վերջինս ևս հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 10-ից ավելի դարձյալ մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթներ՝ ընդհանուր 65 գրամից ավելի քաշով։
Հետախուզական միջոցառումները շարունակվեցին։ Արդյունքում նոր տեղեկություններ ստացվեցին, որ տղամրդու խուզարկությամբ հայտնաբերված մարիխուանայի նմանվող զանգվածներով փաթեթները, յուրաքանչյուրը 10․000 դրամով, ձեռք է բերել դարձյալ երևանաբնակ 33-ամյա մի տղամարդուց։ Վերջինս նույնպես հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Հարուցված քրեական գործի շրջանակներում, դատարանի որոշմամբ, խուզարկվեց նրա ավտոմեքենան։ Հայտնաբերվեցին ընդհանուր 80 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածներ, ինչպես և 5 գրամից ավելի քաշով բուսական զանգված։ Բերման ենթարկվածի հայտնածով դրանք մարիխուանա են։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ վերջինս թմրամիջոցի նմանվող զանգվածները ձեռք է բերել քանաքեռւմ ապրող 49-ամյա մի տղամրդուց։ Դատարանի որոշմամբ խուզարկվեց նաև նրա տունը։ Հայտնաբերվեցին կանեփի սերմերի նմանվող զանգված, շագանակագույն և կանաչավուն հետքերով տարաներ և մանրացված-չորացված յուրահատուկ հոտով զանգված՝ 4 գրամից ավելի քաշով։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։