Մենք սիրում ենք Երևանը, Երևանը սիրում է բոլորիս․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Էրեբունի-Երևանի» 2801-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել և նշել, որ Երևանի տոնը մեր հասարակության ամենասիրելի տոներից մեկն է։

«Երևի սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ Երևանը մեր ամենասիրելի քաղաքն է։

Ամեն շենքի ամեն քար իր մեջ պարունակում է մեր ազգային երազանքների մի կտոր»,-ասել է Նիկոլ Փաշինյանը համերգային ծրագրի մեկնարկից առաջ։

ՀՀ վարչապետը նաև նկատել է, որ Երևանը միշտ էլ հայահավաք գործառույթ է ունեցել, քանի որ այն հավաքել է մարդկանց բոլոր տեղերից՝ մարզերից ու գյուղերից, և որ սփյուռքում ու Հայաստանում չկա մի բնակավայր, որից սերած քաղաքացին երևանցի կոչվելու պատիվը չկրի։

«Երևանն առաջին հերթին մեր միասնության, ժաղովրդի ամբողջականության, ինքնության սիմվոլն է, պատահական չէ, որ Երևանից բացվում է մեր ժողովրդի համար ամենակարևոր տեսարանի ամենահաջողված ռակուրսը՝ դեպի բիբլիական սար․․․ Մենք սիրում ենք Երևանը, Երևանը սիրում է բոլորիս»,-ասել է Փաշինյանը, ապա նշել, որ ուր էլ գնանք, ուզում ենք վերադառնալ Երևան, կրկին քայլել այն ճանապարհով, որ սկսվել է դեռևս 2801 տարի առաջ և պիտի շարունակվի հազարամյակներ։

«Սիրում եմ Երևանը, սիրում եմ երևանցիներին»,-ամփոփելով ելույթը՝ նշել է Նիկոլ Փաշինյանը։