Ոստիկանության զորքերում մարտավարամասնագիտական զորավարժություններ են անցկացվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

ոստիկանություն

Ոստիկանության զորքերում զինծառայողների ինչպես անհատական, այնպես էլ կոլեկտիվ հատուկ պատրաստության նպատակով պարբերաբար մարտավարամասնագիտական զորավարժություններ են կազմակերպվում: Հոկտեմբերի 21-ին ոստիկանության զորքերի հրամանատար Վահե Ղազարյանի գլխավորությամբ հերթական զորավարժությունն անցկացվեց հասարակական կարգի պահպանության զորամասում:
Ըստ պայմանական իրադրության` քաղաքի բանուկ հատվածներից մեկում չարտոնված հավաքը դուրս է եկել կազմակերպիչների վերահսկողությունից, մասսայական անկարգություններ են տեղի ունենում, և հասարակական կարգը վերականգնելու անհրաժեշտություն կա: Հատուկ օպերացիայի կազմակերպումից առաջ զորամասի հրամանատարը զորքերի ղեկավար կազմին է ներկայացնում ստեղծված իրավիճակը, անկարգություններ հրահրող անձանց գործողությունների բնույթը: Որոշվում է, որ օպերացիան պետք է անցկացնի երրորդ գումարտակը:
Գումարտակի հրամանատարը զեկուցում է ղեկավար կազմին, թե խմբակային խախտումների ակտիվ մասնակիցներին և կազմակերպիչներին մեկուսացնելու ուղղությամբ ինչ գործողություններ են պատրաստվում ծավալել` միաժամանկ ներկայացնելով, թե, ինչպիսի հատուկ միջոցներ ու մարտական ինչ տեխնիկա է անհրաժեշտ, ուժերի տեղաբաշխումն ինչպես է պատկերացնում:
Օպերատիվ պլանը հավանության է արժանանում: Հատուկ գումարտակն անցնում է առաջադրված խնդրի իրականացմանը:
Հասարակական կարգը պայմանականորեն խախտածները նույնպես ոստիկաններ են, միայն թե` քաղաքացիական հագուկապով:
Ոստիկանների զգուշացումներին հակառակ` մասսայական անկարգությունները շարունակվում են: Կարգազանցների ձեռքին մահակներ և վառելանյութով շշեր կան: Նախազգուշացնելուց և բավարար ժամանակ տալուց հետո ոստիկանության զորքերի ծառայողները սկսում են համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Լուսաձայնային հատուկ միջոցներ, ջրցան մեքենա... Հասարակական կարգի խմբակային խախտումների ակտիվ մասնակիցները մեկուսացվում են և տեղափոխվում ոստիկանության տարածքային բաժիններ:
Հասարակական կարգը վերականգնված է: Հնարավոր անկարգություններից խուսափելու համար ոստիկանները փշալարերով փակում են փողոցը` ենթադրյալ փողոցը: Չէ՞ որ այս ամենը վարժանք է` գործող անձինք ու հանգամանքերը` պայմանական:
Միջոցառումից անմիջապես հետո հրամանատարական կազմը ամփոփեց զորավարժության արդյունքները: Մարտական առաջադրանքը կատարված էր: