Ոմանց աշխատավարձը բարձրացել է, ոմանցը՝ իջել. Փաշինյանը՝ իր գաղտնի հանձնարարականի մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Նիկոլ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամին անդրադարձել է մամուլում շրջանառվող այն տեղեկությանը, ըստ որի՝ վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների, փոխնախարարների ու մարզպետների աշխատավարձերը բարձրացվել են։

«Առանց խորհրդարանի է սա եղել, չի կարող կառավարությունը կամ որևէ այլ մարմին ինքն իր աշխատավարձը բարձրացնել, երկրորդ խնդիրը դրա գաղտնիության մեջ եմ տեսնում։ Ինչո՞ւ օրենքը չի բերվել խորհրդարան և սանդղակը չի վերանայվել, գուցե այն պատճառով, որ զուտ երեք սուբյեկտի համար եք այստեղ բարձրացրել»,- հետաքրքրվել է Մարուքյանը։ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է՝ տեղեկացնելով, որ ոչ բոլոր սուբյեկտների աշխատավարձերն են բարձրացել, ոմանց աշխատավարձն իջել է:

«Անցյալ տարի պարգևատրումային սկանդալի արդյունքում նաև այս դահլիճում քննարկում ենք ունեցել, արձանագրել ենք, որ որոշակի անհամամասնություն կա, արդյունքում ոմանցը իջել է, ոմանցը բարձրացել, խնդիր է դրվել, որ նույն կարգավիճակի մարդիկ պետք է նույն աշխատավարձը ստանան:

2019 թ. բյուջեի քննարկումների արդյունքում այս ամբիոնից ասել եմ՝ եթե նախկինում պարգևատրումային ֆոնդ ունեին մի քանի մարմիններ, հիմա աշխատավարձային ֆոնդի 30 տոկոսի չափով բոլոր մարմինների համար պարգևատրումների ֆոնդ եմ սահմանում: Դուք իմացել եք և քննարկել եք դրա օգտին»,- ասել է վարչապետը, ապա հիշեցրել, որ ԱԺ ամբիոնից պարգևատրումային սկանդալի ժամանակ պաշտպանել է այդ դիրքորոշումը, ըստ որի՝ պաշտոնյաները պետք է ստանան արժանապատիվ վարձատրություն, նաև հայտարարել է, որ ԱԱԾ-ում, ոստիկանությունում և այլ մարմիններում պարգևավճարները փաստացի բարձրացրել են, ԱԺ-ն ընդունել է բյուջե, որում այս պարգևատրումային ֆոնդերը նախատեսված են եղել:

Վարչապետը նաև նշել է, որ որոշումը նպատակ է ունեցել դուրս գալու այն անհարմար վիճակից, երբ պաշտոնյան ինքն իրեն պետք է պարգևատրում նշանակի:

Վարչապետը անդրադարձել է նաև այն հարցին, թե թեմայի վերաբերյալ քննարկումը ինչո՞ւ է գաղտնի եղել․ «Ներքին աշխատանքային ընթացակարգային հարցեր են եղել, ի վերջո, եկեք արձանագրենք մի բան նաև, որ նախարարությունների միացում ենք ունեցել, նախարարներ կան, որ երեք նախարարի աշխատանք են անում»: