Վիգեն Սարգսյանին մեղադրանք չի առաջադրվել, այլ մեղադրյալներ ևս չկան․ Փաստինֆո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 28, 24News 

Վիգեն Սարգսյան

ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանի անունը շոշափող քրեական գործի շրջանակներում որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել և Վիգեն Սարգյանը որպես մեղադրյալ ներգրավված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀ ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ քրեական գործի մասին հայտնի դարձավ սեպտեմբերի 25-ին, երբ քննչական կոմիտեն հայտարարեց, որ «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով տվյալներ են ձեռք բերել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վ.Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար ու գործն ուղարկվել է ՀՔԾ։

Սակայն քրեական գործը մի քանի օր ՀՔԾ-ում քննվելուց հետո՝ հոկտեմբերի 4-ին դատախազը պահանջեց քրեական գործը եւ նորից ուղարկեց հետ՝ քննչական կոմիտե։

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական ծառայություն իրականացնող անձանց` իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների գործերով նախաքննությունը կատարվում է հատուկ քննչական ծառայության քննիչների կողմից։

Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ պաշտոնական հաղորդագրության, քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով՝ ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ 2018թ. հունվարին Երևան քաղաքի Գ.Հասրաթյան փողոցի թիվ 25/6 բազմաբնակարան շենքի բնակարանների հատկացումները «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողների բնակարանային ապահովման մասին» ՀՀ կառավարության 07.03.2007թ. N 384-Ն որոշմամբ սահմանված կարգի խախտումներով կատարելու դեպքի առթիվ։ Թե որն է առանց մեղադրանք առաջադրելու ՀՔԾ-ից քրեական գործը նորից քննչական կոմիտե հետ ուղարկվելու պատճառը՝ իրավասու մարմինները չեն մանրամասնում։ծ

Աղբյուրը՝ «Փաստինֆո»։