«Զվարթնոցից» մեքենա են պատվիրել. երբ վարորդն իջել է ջուր խմելու, գողացել են ու վթարվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

վթար

Երևանում նոյեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01:20-ի սահմանում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Ռոբերտ Ղ.-ից, որը  հայտնել է, որ իրենք «Զվարթնոց» օդանավակայանից մարդ են դիմավորել, որոնք իրենց ընկերությանը պատկանող Mercedes S63 մակնիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայից փախցրել են: Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 23:20-ին, մի աղջիկ՝ որպես հաճախորդ, «էքսկլյուզիվ կոնցեռն» ՍՊԸ-ից պատվիրել է նշված Mercedes S63 մակնիշի ավտոմեքենան «Զվարթնոց» օդանավակայանից հյուրեր դիմավորելու և նշված ավտոմեքենայով Թոխմախ ուղևորվելու նպատակով: Օդանավակայանում Mercedes-ի վարորդ Արա Ա.-ին է մոտեցել այդ աղջիկը անծանոթ տղամարդու հետ, որից հետո ուղևորվել են նրանց մատնանշած վայրը:

Հասնելով Բագրատունյաց փողոցի 42/7 հասցեի «Ֆլեշ» բենզալցակայան՝ Արա. Ա.-ն դուրս է եկել ավտոմեքենայից ջուր գնելու նպատակով, իսկ ընթացքում ավտոմեքենան 2 անծանոթները փախցրել են:

Մինչ ոստիկանները կպարզեին դեպքի հանգամանքները, տեղեկություն է ստացվել, որ ավտոմեքենան վթարված վիճակում գտնվում է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ Արշակունյաց և Շիրակի փողոցների խաչմերուկում, որտեղ էլ հայտնաբերվել է:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ավտոմեքենան փախցրած կնոջն ու տղամարդու ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ: