Սպիտակի բնակչության 20 %-ը՝ 1200 ընտանիք, ապրում է վագոն-տնակներում. քաղաքապետ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Սպիտակի համայնքապետ Գագիկ Սահակյանը լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ անդրադարձել է երկրաշարժից հետո վագոն-տնակներում ապրող ընտանիքների թվին և այն միջոցառումներին, որոնք կյանքի են կոչվել անօթևաներին բնակարաններով ապահովելու համար։

«Անցյալ տարի վարչապետի հանձնարարականով մենք հաշվառել ենք բոլոր այն ընտանիքներին, որոնք ապրում են տնակներում․ նրանց թիվը հասնում է 1200-ի։ Դա մոտավորապես մեր ամբողջ բնակչության 20 տոկոսն է, ու արդեն քննարկվում են բոլոր հնարավոր տարբերակները, որպեսզի անօթևան ընտանիքների բնակապահովման խնդիրները կարողանանք լուծել։ Բայց դեռ վերջնական որոշման չենք հանգել, ու կարծում եմ, որ մոտ ապագայում այս խնդիրը կլուծվի»,-ասել է Գագիկ Սահակյանը։

Սպիտակի քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ 3 միլիարդ գումարը, որ տրամադրվել է երկրաշարժից տուժածների բնակապահովման խնդրի լուծման համար, գյուղական համայնքների համար է։

«Ո՛չ Սպիտակի, ո՛չ Գյումրիի, ո՛չ Վանաձորի, ո՛չ Ստեփանավանի համար որևէ հատկացում չկա, որովհետև քննարկման փուլում է։ Այստեղ խնդիրն ավելի մեծ է, և ավելի շատ ֆինանսական միջոցների ներգրավում է պետք։ Չափորոշիչներ էլ չունենք՝ ովքեր են շահառու, ովքեր՝ ո՛չ»,-նշել է քաղաքապետը, ապա հավելել, որ չափորոշիչներ եղել են, օրինակ, մինչև այսօր սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարանով, քանի որ երկրաշարժից հետո՝ ԽՍՀՄ տարիներին, նրանք սովետական ռուբլիով փոխհատուցվել են։