«Իմ քայլը» դեմ կքվեարկի քաղաքապետարանին քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու նախագծին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

Մակունց

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, դիմելով «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին, անդրադարձավ քննիչ հանձաժողովների ստեղծելու հարցին, ապա նշեց. «Հույս ունեմ՝ վարչապետն էլ է տեղյակ, թե դուք ինչ եք ուզում վաղն առավոտյան անել, ուզում եմ ասել, որ եթե վաղը դուք տապալեք քվեարկությամբ այս հանձնաժոովի անդամների կողմից որոշումը հաստատելու մասին որոշումը, ապա այն կլինի մեծ հարված Հայաստանում պառլամենտական ժողովրդավարությանը, որովհետև դուք, ըստ էության, լինելով քաղաքական մեծամասնություն, տեսնելու եք՝ կա՞ կոռուպցիա, թե՞՝ ոչ, բայց ուզում եք պաշտպանել կոռուպցիան և չեք ուզում ստեղծվի այդ հանձնաժողովը։ Ուզում եք վաղը տապալել, եթե վաղը տապալվեց՝ քաղաքական մեծ խնդիր եք ունենալու»։

Ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի ելույթին՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց. «Պարո՛ն Մարուքյան, արդեն սպառնացիք Դուք, որևէ մեկը ոչնչից չի վախենում, և ընդհանրապես քննիչ հանձնաժողովներ ստեղծելու ու հարցերը քննարկման դաշտ բերելու ջատագովն ենք, կողմանկիցն ենք ու նման ցանկություն ունենք միշտ»։

Մակունցը նաև հատուկ շնորհակալություն հայտնեց ԼՀԿ-ին ու Անի Սամսոնյանին քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը Ազգային ժողով բերելու համար։

«Միևնույն ժամանակ խնդրում եմ նաև ընդունել իրավական կազուսների վերաբերյալ այն դիտարկումները, որոնք արվեցին այստեղ։ Մասնավորապես այն, որ իրավունքի ուժով կարող է ստեղծվել քննիչ հանձնաժողով մեկ բան է, բայց միևնույն ժամանակ ՏԻՄ օրենքով սահմանված է, որ կան լիազորություններ, որտեղ մենք որպես օրենսդիր մուտք չունենք»,-նշեց Մակունցը, ապա հավելեց, որ այդ գործառույթները պետք է իրականացնի հենց ավագանին։

Մակունցը նաև տեղեկացրեց, որ «Իմ քայլը» որոշում է կայացրել չառաջադրել թեկնածուներ այս հանձնաժողովի համար և դեմ է քվեարկելու կազմը հաստատելու նախագծին։