Ե՞րբ կլինի վարչապետի վերջին պատերազմը

ՆԱՐԵԿ 24News, [20.02.20 16:59]

Նիկոլ
«Անգղները հավաքվում են այնտեղ, որտեղ դիակ կա»։

Մատթեոսի Ավետարան 24:28

 

Սահմանադրական կետի հարցի լուծումը հանելով պառլամենտի շենքից դուրս և նորից բացելով փողոցի դարպասները՝ Նիկոլ Փաշինյանը երկու հարց է լուծում՝ քաղաքական և հոգեբանական:

Քաղաքականապես Փաշինյանը կանչում է իր ընդիմախոսներին բաց բախման` պահպանելով դեմոկրատական չափանիշները, վստահ լինելով, որ բավարար ռեսուրս ունի վերջիներիս՝ վերջին շրջանի գործունեությունը սխալ հանելու, հանրաքվեի ընթացքի ժամանակ ջախջախելու և Սահմանադրական դատարանն իր ձեռքը վերցնելու: Եվ եթե սրան ավելացնենք այն, որ Լեռնային Ղարաբաղում զուգահեռաբար ընթացող պրեզիդենտական ընտրություններում հաղթանակի ամենամեծ շանսն ունի Երևանի կաբինետի համար նախընտրելի թեկնածուն, ապա երկու հարթակներում հաջողության հասնելու դեպքում Փաշինյանը տոտալ լեգիտիմ իշխանության է հասնում:

Հոգեբանական ասպեկտում Նիկոլը կհայտնվի իր տարերքում` փողոցում, միտինգում, քարոզարշավում:

«Իմ Քայլ»-ականների պնդումները, թե հարցը չեն լուծում պառլամենտի միջոցով, այլ` ազգովի, որովհետև դա ուղիղ դեմոկրատական ճանապարհն է, մեղմ ասած՝ չի բռնում քաղաքագիտության չափորոշիչներին, քանի որ վարչապետի ֆրակցիան Ազգային ժողովում խիստ մեծամասնություն է կազմում, և այդ թիվը ստացել է անվիճելի ընտրությունների արդյունքում: Ժողովուրդը ընտրել է օրենսդիր մարմին, որը կառավարության հետ պետք է պետությունը կառավարի, ոչ թե ներիշխանական ամեն թնջուկի առիթով դուրս գա փողոց կամ պատրաստվի ընտրություններին, և երկիրն իր տնտեսությունով ու հանրային մթնոլորտով հայտնվի լարվածության մեջ: Սա միանշանակ Ազգային ժողովում լուծելիք հարց էր: Ինչպես նաև ակնհայտ է, որ Փաշինյանը սխալվել է իր իշխանավարման հաշվարկում` Հրայրը կհեռանար Նիկոլի մեկ իսկ պահանջով 2018 թվականի մայիսին և մոտակա այդ ամիսներին, անկասկած: Սակայն ՍԴ ղեկավարի հրաժարականի պահանջ չեղավ, և դրա համար հիմա փոխհատուցում ենք ազգովի` համապետական ձևով:

Միգուցե վարչապետը գնում է այս քայլին, քանի որ Ղարաբաղի հարցում ջրի տակ զարգացումներ են տեղի ունենում, և իրեն ժամանակ է պետք շահելու, կերևա առաջիկայում: Արտաքին գործոնը այս պահին վերլուծության ենթակա չէ:

Ներկա ընդիմությանը շանս է տրվել իրեն դրսևորելու, այն է՝ «Ոչ»-ի միջոցով կամ քվեարկողների մասնակցության կրճատումով հանրաքվեն տապալելու և ամրապնդվելու: Հակառակը գործող ընդիմախոսներին լուրջ հարվածի տակ կդնի: Կստացվի, որ մոտ երկու տարի իշխանության դեմ կատաղի և սովորական պայքարողները, որոնք իրենց կողմում ունեն լուրջ մեդիա և ֆինանսական ռեսուրսներ, չեն կարողացել ճշգրիտ աշխատել և հանրության գիտակցության մեջ էական եղանակ փոխել: Նրանց ՈՉ-ի քարոզը կարող է ավելացնել Նիկոլի ԱՅՈ-ն: Մարտավարական առումով օրվա իշխանությանը դեմ գործողները սխալ են թույլ տալիս՝ ասպարեզ չբերելով Սահմանադրության իրենց ալտերնատիվ տարբերակը, որը կլիներ ավելի հասուն հայտ, ֆունդամենտալ գործոն, ինչի շուրջ կկառուցվեր հակաքարոզչությունը ոչ թե ընդդեմի, այլ հանունի տրամաբանության մեջ: Սրա բացակայությունը դնում է ընդիմությանը մի պատկերի մեջ, որտեղ իրենք դեմ են իշխանության ամեն ինչին, բայց չունեն առաջարկ, այսինքն` անպտուղ են:

Արշավը կգնա ներվերի խաղի և քարոզչության արվեստի դրսևորման մեջ: Իհարկե, այս հարթության վրա Նիկոլ Փաշինյանը շատ ավելի մեծ շանսեր ունի: Դրա ապացույցն են նրա հռետորական և քարոզչական հմտություններն ու, ի վերջո, պետական ապարատի ռեսուրսը, որը գործի չի դրվի կոպտորեն և բացահայտ, բայց կաշխատի իր ֆունկցիոնալությանը համահունչ:

Սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, քան մակերեսում երևացող գործոնները:

Հռչակված հեղափոխությունը չի շարունակվում ամբողջական և լայնամասշտաբ թափով: Հասարակական հարցերում շարունակում են ապրել արատավոր երևույթներ․ առևտրի մեջ՝ խաբեություն, վարչական ոչ պրոֆեսիոնալիզմ, բանակում՝ սպանությունների աճ, որը բխում է միջանձնային շփման ենթամշակույթից, կրթության և մշակույթի անկատար ընթացք, արվեստի ճղճիմ տեսակի գոյություն, գիտության լռված վիճակ, համընդհանուր մեծամասնական տգիտություն, իրավական ոլորտի լոմբարդային տրամաբանության մեջ գոյատևող թերի աշխատաոճ, հանցավոր հռչակված նախկինների ու անընդհատ թմբակահարվող թալանչիների նկատմամբ անհամակարգային ու անավարտ գործելաոճ և, որն ամենակարևորն է, արժանիների փնտրտուքի և առաջ քաշման խողովակների բացակայություն ու էլի շատ բաններ:

Փաշինյան Նիկոլին տրված չէ պետականության տեսությունը: Այս իշխանությունը, բացի պոպուլիզմից և մաքուր ձեռքերի վարչարարությունից, այլ արտադրության ընդունակ չէ:

«Նիկոլ & Company»-ին իրենից հեռու է վանել պետության մեջ գտնվող, միտք արտադրող անհատներին, ինտելեկտուալ հատվածին և բուրժուազիային, չի ստեղծել նորը` իրենցը, հեղափոխականը: Սա արդեն իսկ ճգնաժամ է: Իշխանության գլխավոր թերությունը երևակայության բացակայությունն է և քաղաքական, գաղափարական «իզմի» չլինելը: Սրանցից պիտի բխեն զարգացման ճանապարհները, կադրային ընտրության բովանդակությունը, ժամանակի մեջ տարիների վերածված ծրագրերը, բնակչից՝ քաղաքացի դառնալը, ժողովուրդից` ազգ, հողից` հայրենիք, կենսատարածքից` պետություն:

Եվ ընտրողը պետք է ինքն իրեն հարց տա՝ ինչի՞ համար պետք է երրորդ անգամ (քաղաքապետարան, պառլամենտ և հիմա էլ Սահմանադրություն) վստահության քվե տա իշխող թիմին: Չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը հակասում է ինքն իրեն` նախկինում ասելով, որ տվյալ Սահմադրությունը գրվել էր՝ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի վրա կարվելով, և դեռևս իշխանափոխության շարժման ժամանակ «Մարիոթում» պնդելով, թե այն պիտի փոխվի: Եթե հռչակվել է հեղափոխություն, ապա դա ենթադրում է պետական համակարգի և արժեհամակարգի վերանայում ու փոփոխություն, ինչը տեղի չի ունենում: Գնալ համահայաստանյան հանրաքվեի ընդամենը սահմանադրական մեկ կետի փոփոխության համար քաղաքական աբսուրդ է տվյալ պարագայում իր ռիսկերի, ցնցումների և անկանխատեսելիության հետևանքների հնարավորությամբ:

Դեռևս տարիներ առաջ Հայաստանի առաջին պրեզիդենտ Տեր-Պետրոսյանը խորապես հիմնավորել էր խորհրդարանական համակարգի անպիտանելիությունը մեր պետության համար, մանավանդ պատմական այս կտրվածքում, և կիսանախագահական սիստեմի անհրաժեշտ արդյունավետությունը: Աշխարհում կրիզիսների են հակված պառլամենտական կարգ ունեցող գրեթե բոլոր երկրները, նույնիսկ այնպիսիք, որոնք ունեն քաղաքական մշակույթի բարձր աստիճան` Գերմանիա, Իտալիա, Իսպանիա, Իսրայել, Ճապոնիա, Բելգիա և այլն։ Առավել ուժեղ ու կայուն են պրեզիդենտական համակարգերով պետությունները` Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսաստան, Թուրքիա, Բրազիլիա, Արգենտինա, Իրան, Չիլի, Հարավային Կորեա...

Պատերազմի վտանգի մեջ և քաղաքական մշակույթի զարգացման փուլում գտնվող պետության համար նախագահական կառավարման ուժեղ կառուցվածքն անհրաժեշտություն է, իսկ խորհրդարանականը` վնասակար: Մեր ռեգիոնում Թուրքիայի պես հզոր պետությունը պառլամենտականից փոխադրվեց պրեզիդենտականի, իսկ հարևան Վրաստանում, երբ Սահակաշվիլին հակառակ փոփոխությունը կատարեց, կորցրեց իշխանությունը, ինչը և եղավ Սերժ Սարգսյանի պարագայում: Վերջին երկու իրադարձություններում ոչ վերջին դերը խաղաց հենց սահամադրությունների փոփոխումը: Հայաստանում մենք լուրջ ճգնաժամեր են հաղթահարել, և դա տեղի է ունեցել ինչպես քաղաքական, պետական անհատների կամքի շնորհիվ, այնպես էլ 1995 թվականին ընդունված ճկուն, ուժեղ ու դինամիկ Սահմանադրության:

Հիմա Փաշինյանն ուզում է պահպանել այս ոչ թե պառլամենտական, այլ վարչապետական անձնակենտրոն Սահմանադրությունը, որը գլխավոր լծակները տալիս է կառավարության ղեկավարին, և մի կետով տապալել թովմասյանական ՍԴ-ն: Նիկոլը միքայլանոց ճշգրիտ կոմբինացիաների վարպետ է: Սա իրեն տալիս է կարճաժամկետ առավելություն, բայց զրկում է պատմական առաքելությունից: Փաշինյանը մնալու է պատմության մեջ միայն որպես 2018 թվականի իշխանափոխության առաջնորդ, այսինքն՝ ընդիմադիր: Այս հարցում կարող է բեկում մտցնել Ղարաբաղի հարցի լուծումը կամ Արցախի նոր պատերազմը, որի լինելիության մասին հստակ կարծիք տալն այսօր ոչ պրոֆեսիոնալ ու անշնորհակալ գործ է:

Հայաստանի Հանրապետությունն օր առաջ կարիք ունի երրորդ՝ կամային, ինտելեկտուալ ու պետականամետ, հայաստանակենտրոն քաղաքական ճամբարի ասպարեզ դուրս գալուն:

Հակառակում շարունակվելու է մեկ քայլ առաջ և երկու քայլ հետ իրավիճակը, և մթնոլորտը չի ազատվելու նախկինների ու ներկաների՝ գոտկատեղից ցածր կրկնվող մարմնաշարժությունից:

Իշխանափոխության համար Նիկոլ Փաշինյանն արդեն ստացել է իր աննախադեպ քվեն` 2018 թվականի դեկտեմբերին պառլամենտ անցնելով շատ ու անկապ քանակով: Նույն բանի համար մարդուն անընդհատ չեն պարգևատրում, առավել ևս երբ հարցը համապետական բնույթ ունի, բայց իջեցվել է կենցաղային քաղաքականության մակարդակին:

Ռուբեն Վարդանյան

Պատմաբան, հրապարակախոս

Տեսանյութեր

Live

Լրահոս