Արցախում մեկուսացվածների փորձանմուշները ստացել ենք, բոլորը բացասական են եղել․ Արցախի ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News 

Արցախ

Ներկայումս կորոնավիրուսի կասկածելի ախտանիշներով որևէ մեկուսացված անձ չկա Արցախում։ Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը։ 

«Լինում են քաղաքացիներ, որոնց մեկուսացնում ենք կորոնավիրուսի կասկածելի ախտանիշներ հայտնաբերելուց հետո, իսկ վերցված փորձանմուշներն ուղարկում ենք Հայաստան», - նշեց նախարարը։

Նախարարը չհայտնեց, թե վերջին օրերին քանի այդպիսի քաղաքացի է մեկուսացվել, սակայն նշեց, որ մեկուսացումներ պարբերաբար իրականացվում են։ 

«Հայաստան ուղարկված վերջին փորձանմուշները ստացել ենք, բոլորը բացասական են եղել, իսկ մեկուսացված քաղաքացիները տուն են գնացել», - նշեց նախարարը։

ԱՀ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից 24News-ին տեղեկացրին, որ կորոնավիրուսին բնորոշ կասկածելի ախտանիշներ ունեցող քաղաքացիները մեկուսացվում են շրջանային բուժմիավորոմներում, որտեղ նրանց նկատմամաբ հսկողություն է իրականացվում։

Տեսչական մարմնից հայտնեցին նաև, որ դեռևս առանձին կարանտինային գոտի չկա, բայց անհրաժեշտության դեպքում կստեղծվի, եթե, օրինակ, կորոնավիրուսով վարակման դեպքեր կարձանագրվեն։ 

Անդրադառնալով Հայաստան ուղարկվող փորձանմուշներին՝ տեսչական մարմնից հայտնեցին, որ «կորոնավիրուսի թեստեր դեռևս չկան Արցախում, կասկածելի հիվանդների փորձանմուշներն ուղարկվում են Հայաստան, որից հետո 1 կամ 2 օրում պատասխաններն ուղարկվում են Արցախ։ Իսկ եթե կորոնավիրուսով վարակման դեպքեր արձանագրվեն, անհրաժեշտության դեպքում Հայաստանի կկարողանան ձեռք բերել թեստերը»։

Այն հարցին, թե քանի՞ քաղաքացի է մեկուսացվել վերջին շրջանում, տեսաչական մարմնից հստակ տեղեկություն չստացանք, միայն նշեցին, որ մեկական կամ երկուական դեպքեր են լինում, իսկ ախտանիշներ տարբեր տարիքի անձանց մոտ է արձանագրվում։

Սոնա Գրիգորյան