Կորոնավիրուսով պայմանավորված՝ Ազգային պատկերասրահը կերկարաձգի «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News 

ազգայինպատկերասրահ

«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը, որում  ներառված են երկու մեծերի ավելի քան 200 աշխատանքներ՝ քանդակներ, խեցեղեն, գրաֆիկական և կերամիկական գործեր՝ «Ազգերի արվեստ» հիմնադրամի նախագահ, մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից, երկարաձգվելու է: «Արմենպրես»­-ի  թղթակցի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահի մամուլի ծառայության պատասխանատու Անուշ Նիկողոսյանը:

«Պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ցուցահանդեսը երկարաձգելու շուրջ համաձայնության է եկել հավաքորդ Ալեքսանդր Շադրինի հետ: Բայց մենք չենք կարող հստակ ասել, թե ցուցադրությունը որքան ժամանակով կերկարաձգվի: Դա պայմանավորված է կորոնավիրուսի տարածման հետևանքով երկրում ստեղծված իրավիճակով»,-նշեց Նիկողոսյանը: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մարտի 6-ին Հայաստանի ազգային պատկերասրահում: Այն պետք է բաց լիներ մինչև ապրիլի 26-ը: Ցուցահանդես-նախագիծը ներկայացվել է բազմաթիվ երկրներում: Հավաքածուն, որը Շադրինը համալրել է 15 տարվա ընթացքում, մեծությամբ չորրորդն է մասնավոր հավաքածուների մեջ և Դալիի քանդակի ամենախոշոր, իսկ Պիկասոյի խեցեգործական աշխատանքների ամենաներկայանալի հավաքածուներից մեկը: