Փաստաբանների պալատը ձեռնարկել է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News   

կորոնա

ՀՀ փաստաբանների պալատի նախագահի` «Առողջության պահպանմանն ուղղված կանխարգելիչ միջոցառումների մասին» 28.02.2020թ. թիվ 43-Ա հրամանի հիման վրա, աշխատակիցների և այցելուների առողջությունը պահպանելու նպատակով, Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատում իրականացվել են կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխարգելող հետևյալ միջոցառումները՝

1.    Փաստաբանների պալատի (այդ թվում՝ հանրային պաշտպանի գրասենյակի) վարչական շենքի (այսուհետ՝ Վարչական շենք) մուտքի մոտ, ինչպես նաև յուրաքանչյուր հարկում՝ մուտքերի մոտ, տեղադրվել են ալկոհոլային հիմքով ախտահանիչ սարքեր.

2.    Վարչական շենքի բոլոր տարածքները, դռների բռնակները, ընդհանուր օգտագործման սեղանները, նստարանները պարբերաբար ախտահանվում են, իսկ տարածքները՝ օդափոխվում.

3.   Վարչական շենքի մուտքի մոտ և բոլոր հարկերում փակցվել են «Ինչպես պաշտպանվել կորոնավիրուսից» տեղեկատվական թերթիկներ.

4.   Բոլոր աշխատակիցներին տրամադրվել են ձեռնոցներ և բժշկական դիմակներ.

5.   Չեղարկվել են ՀՀ փաստաբանների պալատի կողմից ծրագրավորված հանրային միջոցառումները (այդ թվում՝ իրավական ցուցահանդեսը ARMLEXPO, մարզերում՝ համակարգողների ընտրությունները).

6.   ՀՊԳ ընդունարանի պատասխանատուների սեղանի, ինչպես նաև վստահորդներին խորհրդատվություն ապահովելու համար նախատեսված սեղանների վրա տեղադրվել են թափանցիկ պաշտպանիչ պատնեշներ.

7.    Հետաձգվել են յուրաքանչյուր հիգշաբթի օրը քաղաքացիների համար կազմակերպվող անվճար իրավաբանական խորհրդատվության միջոցառումները.

8.   ՀՀ փաստաբանների պալատի աշխատակազմի մեծ մասը տնից աշխատում է հեռահար եղանակով.

9.   ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի նիստերն անցկացվելու են հեռահար եղանակով:

Նշված գործողություններից բացի ՀՀ փաստաբանների պալատի հանրային պաշտպանի գրասենյակը մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը սահմանափակելու է քաղաքացիների մուտքը հանրային պաշտպանի գրասենյակ՝ գերակշիռ դեպքերում խորհրդատվությունն ապահովելով հեռախոսակապի, տեսազանգի, էլեկտրոնային փոստի և այլ հնարավոր միջոցներով: Անհետաձգելի միջամտություն պահանջող դեպքերում իրավաբանական օգնությունն ապահովվելու է անհապաղ: