Վրաց Ուղղափառ եկեղեցին հաղորդության կարգը չի փոխի. այն կմատուցվի գդալով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 21, 24News

իլյա

Վրաց Ուղղափառ եկեղեցու գերագույն ժողովը` սուրբ Սինոդը, կորոնավիրուսի հետ կապված արտակարգ նիստ է անցկացրել քննարկելու համար երկրում ստեղծված իրավիճակը և այդ ենթատեքստում պատարագի ժամանակ հաղորդություն ստանալու ձևին: Այդ մասին գրում է aliq.ge-ն:

Ըստ վրաց Ուղղափառ եկեղեցու սովորույթի՝ հաղորդությունը պատարագի մասնակիցներին մատուցվում է նույն գդալով, ու չնայած կորոնավիրուսի տարածման վտանգին՝ Սուրբ Սինոդն այսօր որոշել է հաղորդության կարգը չփոխել: Այդ մասին լուրը հայտարարել է Համայն Վրաց կաթողիկոս-Պատրիարք Իլիա Երկրորդը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն և մի շարք այլ մասնագետներ բազմիցս անդրադարձել են այս թեմային և խորհուրդ են տվել պատրիարքարանին արարողակարգի ժամանակ կիրառել միանգամյա օգտագործման գդալներ, սակայն շեշտել՝ «չեն կարող խառնվել եկեղեցու գործին»:

Մարտի սկզբից փակ են Վրաստանի բոլոր ուսումնական հաստատությունները, պետական գերատեսչություններն անցել են հեռավար աշխատանքի: Եկեղեցիներում ախտահանման աշխատանքներ են տարվում, չեղարկվել են հոգևոր արարողությունները՝ որոշ տաճարներում: Հատուկ ռեժիմներ են գործում կալանավայրերում, զինվորական կառույցներում:

Բանկերը 3 ամսով երկարաձգել են վարկերի մարումը, զբոսաշրջության ոլորտի հարկատուներին պետությունը 4 ամսով ազատել է հարկերից, հարկային արտոնություններ են սահմանվել մանր ու միջին բիզնեսի համար:

Վրաստանի կառավարությունը խորհուրդ է տվել փակել գեղեցկության սրահները, ժամանցի վայրերը, տոտալիզատորները, ռեստորաններն ու սրճարաններն աշխատում են միայն առաքումով: 70-ն անց քաղաքացիներին հորդորում են դուրս չգալ տներից, խուսափել մարդկանց կուտակումներից: