Վարչապետը պետք է պարզաբանի՝ ինչի՞ շուրջ են բանակցում կողմերը և կա՞ փաստաթուղթ, թե՞ ոչ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

քաղաքական

«Այս իրավիճակից պարզ է դառնում արդեն այն, որ ՀՀ իշխանությունները, երբ 2 տարի ասում էին՝ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների մեջ չենք, բլեֆ էր։ Կա՛մ Հայաստանի իշխանությունները չգիտեն, որ հարաբերությունները լավ չեն, կա՛մ խաբում էին։ Ռուսաստանը վերջին մի քանի օրերին այնպիսի քայլեր արեց, որ, կարծում եմ, Հայաստանի ներկայիս իշխանությունների և Ռուսաստանի միջև հարաբերություններն անգամ միջին մակարդակում չեն», - 24News-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե քննարկվում են փաստաթղթեր, որոնք ենթադրում են կարգավորել ԼՂ խնդիրը փուլային տարբերակով: 

Կարեն Քոչարյանը Լավրովի հայտարարությունը որպես ճնշում է դիտարկում Հայաստանի նկատմամբ․

«Ռուսաստանի կողմից թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական ճնշում է գործադրվում Հայաստանի նկատմամբ, սա լավ բանի մասին չի խոսում։ Լավրովի հայտարարությունը հենց այդ ճնշումների փաթեթի մեջ է։ Թե ի՞նչ նպատակով են ճնշումները, պետք է Հայաստանի իշխանությունները պատասխանեն»։

ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հայտարարությունները քաղտեխնոլոգը հակասական համարեց՝ նշելով, որ հնարավոր է՝ և՛ Սերգեյ Լավրովն է ճիշտ ասել, և՛ Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքով՝ այս ամենը պարզ կդառնա այն ժամանակ, երբ փաստաթուղթը ջրի երես դուրս կգա կամ՝ չգա։ 

«Կարծում եմ, այնուամենայնիվ կա փաստաթուղթ բանակցային սեղանին, որովհետև դժվար թե մի քանի ամիս առաջ Մամեդյարովն ու Մնացականյանը երկու օր բանակցեին ոչնչի շուրջ, ուրեմն՝ ինչ-որ բան կա», - նշեց Կարեն Քոչարյանը։ 

Ըստ նրա՝ վարչապետն այս հարցի շուրջ անպայման պետք է հանդես գա պարզաբանումներով․

«Վարչապետը պետք է ասի՝ կա՞, փաստաթուղթ, թե՞ ոչ, և եթե կա, ի՞նչ փաստաթուղթ է, ինչի՞ շուրջ են բանակցում, որովհետև, այնուամենայնիվ, բանակցությունները շարունակվել են իշխանափոխությունից հետո։ Երկու տարի է՝ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Ալիևի, Մինսկի խմբի հետ, Մնացականյանը՝ Մամեդյարովի հետ, ինչի՞ շուրջ են բանակցում։ Ես նկատի չունեմ, որ պետք է ամեն ինչ բաց լինի, բոլորը դրա մասին պետք է իմանան, դա սխալ է, բայց երկրի առաջին դեմքն անպայման պետք է արձագանքի սրան», - ասաց Քոչարյանը։

Սոնա Գրիգորյան