Ինչո՞ւ են դատախազությունում ավելացրել հաստիքները. դատախազի խորհրդականը պարզաբանում է

ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 3, 24News

դատ

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում  դատախազությունում հաստիքների ավելացման անհրաժեշտության, պատճառների և հիմքերի մասին գրառում է արել՝ մանարամասն ներկայացնելով համապատասխան որոշումն ու պաճառները:

ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 706-Ա որոշմամբ ՀՀ դատախազությունում հաստիքների առավելագույն թիվ է սահմանվել 653-ը, որոնցից դատախազների համար նախատեսվել է 351-ը, իսկ մնացածը՝ ՀՀ դատախազության օժանդակ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների պետական ծառայողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց համար:

Ներկայումս քրեական գործերի քանակի աննախադեպ շարունակական աճով պայմանավորված՝ գործ ունենք դատախազների աննախադեպ գերծանրաբեռնվածության հետ:

Պետք է հաշվի առնել, որ 2008 թ. ի վեր դատախազական հաստիքների փաստացի աճ գրեթե տեղի չի ունեցել: Եթե 2008 թ. նախատեսված է եղել դատախազական 337 հաստիք, ապա 2019 թ. մայիսի 15-ի դրությամբ՝ 351 հաստիք:

Ընդ որում, 2008-2020 թթ. ընթացքում տեղի է ունեցել քննիչների թվաքանակի որոշակի ավելացում՝ 138 հաստիքով կամ շուրջ 19,5 %-ով, մինչդեռ նույն այդ ընթացքում դատախազների հաստիքներն ավելացել են ընդամենը 14-ով կամ 4,1 %-ով: Այսինքն՝ անհամաչափորեն աճել է դատախազների ծանրաբեռնվածությունը:

Բերեմ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության գործառույթին վերաբերող ընդամենը մեկ վիճակագրական համեմատություն:

Եթե 2008 թ. ընթացքում դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 20.329 նյութի նախապատրաստման և 16.593 քրեական գործի հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ, 2019 թ. դատախազական հսկողություն և դատավարական ղեկավարում է իրականացվել 58290 նյութի նախապատրաստման (աճը՝ 27.961 նյութ կամ շուրջ 137%) և 35.168 քրեական գործով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ (աճը՝ 18575 գործ կամ շուրջ 112 %): Այսինքն, եթե 2008 թ. ընթացքում քրեական գործերի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազների տարեկան ծանրաբեռնվածությունը միջինում կազմել է 49,2 գործ, ապա 2019 թ. ընթացքում՝ 130,7 գործ:

Բայց ինչպես գիտենք, մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողությունը դատախազության գործառույթներից միայն մեկն է: Ընդհանուր պատկերն առավել ամբողջական դարձնելու համար նշեմ մյուս գործառույթների հետ կապված այլ տվյալներ ևս:

Օրինակ՝ միայն առաջին ատյանի դատարանում քննված գործերի քանակը, որոնցով դատախազները պաշտպանում են մեղադրանքը, 2008թ համեմատությամբ 2020թ. մայիսի 15-ի դրությամբ աճել է 66%-ով: Իսկ օրինակ 2015թ. համեմատությամբ հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, օպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինական և հիմնավոր չլինելու դեմ դատարան ներկայացված բողոքների քննությանը դատախազների մասնակցության ծավալն ավելացել է 125%-ով, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ քննարկված միջնորդությունների քանակը՝ 80.6%-ով, պատիժը փոփոխելու, պատժի կրումը հետաձգելու կամ պատժի կրումից ազատելու քննարկված միջնորդությունների քանակը՝ 184%-ով:

Բացի վերոնշյալը, չպետք է մոռանալ, որ արդեն իսկ ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և հարակից օրենքները, որոնց համաձայն ՀՀ դատախազությանը վերապահվել են ապօրինի գույքի բռնագանձման հետ կապված մի շարք լիազորություններ: Դրանց իրականացման նպատակով ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվում է առանձին ստորաբաժանում՝ բաղկացած 5 դատախազներից, ստորաբաժանման ղեկավարից, ինչպես նաև նախատեսվում է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի առանձին հաստիք՝ այդ ստորաբաժանման աշխատանքները համակարգելու նպատակով: Սրանով պայմանավորված ևս անհրաժեշտ է ավելացնել ՀՀ դատախազության համակարգի հաստիքների թիվը՝ դրանում ներառելով ոչ միայն դատախազների, այլ նաև ստորաբաժանմանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման աշխատակիցների, փորձագետների, օժանդակող անձնակազմի հաստիքները՝ ընդհանուր առմամբ շուրջ 15 հաստիք:

Հարկ է նշել նաև, որ հաշվի առնվել նաև միջազգային փորձը: Մասնավորապես՝ ԵԽ անդամ մի քանի պետություններում 100,000 բնակչին բաժին ընկնող դատախազների թվաքանակի համեմատական դիտարկումը վկայում է, որ 2016թ. 100,000 բնակչին բաժին ընկնող դատախազների թվաքանակը, օրինակ ՌԴ-ում կազմել է 25, Լատվիայում 23, Լիտվայում 24, Բուլղարիայում 21, Մոլդովայում 19, Սլովակիայում 17,Լեհաստանում 15, իսկ Հայաստանում՝ շուրջ 11 դատախազ:

Եվ ըստ կատարված ուսումնասիրության, քննիչների թվաքանակի աճի հետ համադրությամբ, առկա էր դատախազության համակարգում դատախազների թիվն 65 դատախազով և ինչպես նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթներ իրականացնող ստորաբաժանման աշխատանքներին օժանդակող 8 աշխատակիցներով (ընդհանուր՝ 73 հաստիքով) ավելացնելու հրատապ անհրաժեշտություն, ինչով և պայմանավորված էր ՀՀ վարչապետի կողմից համապատասխան որոշման կայացումը:

Տեսանյութեր

Live

Լրահոս