Ազնավուրյան երեկո Լադիսպոլի քաղաքում

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News

դեսպան

Իտալիայում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ օգոստոսի 2-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Լադիսպոլի քաղաքում մասնակցել է իտալացի երգիչ Միկելե Ֆենատիի կատարմամբ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի իտալալեզու երգերին նվիրված համերգին։

Covid-19 համավարակի տարածումից ի վեր սա առաջին նման միջոցառումներից էր՝ բացօթյա տարածքում, սահմանափակ հանդիսատեսով, հանդիսատեսների միջև սոցիալական հեռավորության խիստ պահպանմամբ։ Եվ չնայած ֆիզիկական հեռավորությանը՝ համերգն անցել է ջերմ մթնոլորտում՝ հրաշալի արտիստիկ կատարումներով, երաժիշտների և հանդիսատեսի միջև ինտերակտիվ երկխոսությամբ։

Դեսպան Համբարձումյանը, շնորհակալություն հայտնելով երեկոյի կազմակերպման և հրավերի համար, նշել է, որ Շառլ Ազնավուրի ստեղծագործությունների կատարումը մշակույթի համաշխարհային բնօրրան Իտալիայում խորհրդանշական է։

«Ազնավուրի կյանքը և գործունեությունը մարդկային տաղանդի, կամքի, աշխատասիրության, հաղթանակի բացառիկ օրինակ են։ Իր ստեղծագործական երկարակեցությամբ նա կենսասիրության և լավատեսության ուղենիշ դարձավ միլիոնավոր մարդկանց համար՝ ներշնչելով հույս և հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներևակայելի մի առաքելություն է, և ես հպարտության մեծ զգացում եմ ապրում, որ իմ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգևել մարդկությանը»,- հավելել է դեսպանը։

--00--ԱԹ