Ինջիղուլյանը հիշում է՝ 3 զինված ադրբեջանցի ինչպես էին հսկում հարցազրույցի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Ինջիղուլյան

2013-ի օգոստոսին մոլորվելու հետեւանքով Ադրբեջանում հայտնված եւ բազմաթիվ փորձություններ հաղթահարելուց հետո երրորդ երկիր տեղափոխվելու միջոցով 2014-ի հոկտեմբերին Հայաստան վերադարձած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանը Armtimes.com-ի հետ զրույցում նշել է, որ դիտել է հայ սպա Գուրգեն Ալավերդյանի մասնակցությամբ երեկ հրապարակված տեսանյութը և վստահ է, որ սպան այդ տեքստը ո՛չ անձամբ գրել է, ո՛չ էլ իր կամքով կարդացել. ըստ Ինջիղուլյանի՝ Ալավերդյանին ակնհայտորեն սպառնացել են: 

- Հակո՛բ, տարիներ առաջ դուք մոլորվեցիք և հայտնվեցիք Ադրբեջանում: Այնտեղ ձեզ ինչ-որ հարցազրույցներ էին պարտադրվում, որոնց մասին դուք խոսեցիք Հայաստան վերադառնալուց հետո միայն: Մեկ տարուց ավելի պահանջվեց, որ դուք հասնեք նրան, որ ձեզ երրորդ երկիր տեղափոխվեն, որտեղից էլ գաք Հայաստան: Վստահ եմ՝ տեղյակ եք, որ հայ սպա է հայտնվել Ադրբեջանում, դիտե՞լ եք նրա մասնակցությամբ տեսանյութը, ի՞նչ կարծիք ունեք:

- Ես այսօր առավոտյան նայեցի, պարզ կարող ենք համեմատել իմ դեպքի հետ: Կարող եմ ասել, որ ինքը կարդում էր այդ ամենը, որովհետեւ ինքը, լինելով սպա, չի կարող կմկմալով խոսել, առավել եւս՝ կարդալ:

- Հավանաբար նկատել եք, որ իրականում տեքստն էր շատ անգրագետ հայերենով գրված: Ըստ ձեզ՝ Ադրբեջանում նորմալ հայերեն իմացող չկա՞, որ բառերի վերջավորությունը ճիշտ գրեր, թե՞ հատուկ էր արված:

- Հայերեն խոսողներ կան, բայց գրավոր տեքստին հավանաբար չեն տիրապետել:

- Գուրգեն Ալավերդյանը հրապարակեց իր հասցեն, քաղաքի անունը, զորամասի հասցեն և այլ գաղտնի տվյալներ: Այդպիսի տվյալներ չհրապարակելու հնարավորություն լինո՞ւմ է գերության մեջ:

- Չէ՛, ես էլ եմ ասել, թե որտեղ եմ ծնվել, որ դպրոցն եմ հաճախել, ստիպում էին, չէիր կարող չասել: Հավանաբար ստիպել են, ինքն էլ, իր կյանքի մասին մտածելով, կարդացել է, ցանկացած մարդ էլ էդպես կվարվեր: Որովհետեւ չես կարող խաբել իրենց, կարող է բռնվես:

- Իսկ ի՞նչ են անում բռնվելու դեպքում:

- Իմ պարագայում կարող էր գնդակահարության հասցվեր: Էդպես էին սպառնում:

- Ինչպե՞ս էին սպառնում: Կադրի մյուս կողմը չի երեւում, կադրում միայն սպան է: Ի՞նչ տեսարան կարող է լինել կադրից դուրս:

- Իմ պարագայում կամերայի հետևում մի հոգի հայերեն խոսող մարդ էր, որը ստիպում էր՝ ոնց ասեմ, ոնց չասեմ էն կեղծ հարցազրույցների ժամանակ: Մեկ էլ զենքերով մի քանի զինվոր էին կանգնած կամերայի հետևի մասում:

- Զենքը խոսողի վրա ուղղա՞ծ:

- Հա՛, հա՛, էդպես:

- Հակո՛բ, Դուք շատ արագ 3-րդ երկիր տեղափոխվելու ցանկություն հայտնեցիք, ինչը բավարարվեց: Գուրգեն Ալավերդյանը ե՞րբ կկարողանա նման հարց բարձրացնել:

- Երբ որ Կարմիր խաչը այցելի, այդ ժամանակ: Եթե, իհարկե, թույլ տան իրեն:

- Կարմիր խաչի հետ զրույցը վերահսկվո՞ւմ է, կարող են թույլ չտա՞լ:

- Կարող են թույլ չտալ, կարող են մինչև Կարմիր խաչի այցելելը իրեն ասել՝ ինչ պիտի խոսի:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ