Կարճաժամկետ կարողանում ենք հոգալ բոլոր հայրենադարձ լիբանանահայերի կարիքները․Զարեհ Սինանյան

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 28, 24News   

Զարեհ Սինանյան

Փոքր ծավալներով, կարճաժամկետ կարողանում ենք հոգալ բոլոր հայրենադարձ լիբանանահայերի կարիքները, համենայնդեպս կացարանների կարիքը, մինչև այդ հարցով կազմված փաթեթն ուժի մեջ մտնի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հանձնակատարի խոսքով փաթեթի կազմման աշխատանքներն ընթանում են, և այն սեպտեմբերի 1-ին շրջանառության մեջ կդրվի:

«Եկողների մի մասը հիմնականում պետական ծառայությունների անհրաժեշտություն չունի, իսկ այն մասի համար, որն ունի, մենք ամեն կերպ գտնում ենք լուծումներ: Այս պահին մեր հասարակությունում շատ մեծ բարի կամք կա Լիբանանում ոչ միայն պայթյունից, այլև տնտեսական ճգնաժամից տուժած մեր հայրենակիցների նկատմամբ: Մարդիկ կան, իրենց հանգստյան տներն են առաջարկում»,-ասաց Սինանյանը:

Ըստ Զարեհ Սինանյանի ՀՀ-ն կարող է ոչ բոլորի համար նախընտրելի երկիրը լինել, մենք պետք է պատրաստ լինենք դրան ու չօգտագործենք որպես պատրվակ՝ մեր հայրենակիցների վատ ընդունելու կամ անպատրաստ լինելու համար։

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ են հեռացվել գրասենյակի շուրջ 10 աշխատակիցներ, և ինչպիսի՞ն են հարաբերությունները աշխատակիցների հետ, Սինանյանն արձագանքեց. «Մեզ մոտ կոնֆլիկտներ չեն լինում: Սա Բոլշևիկյան Ռուսաստանը չէ, ոչ էլ ինչ-որ վայրի հասարակարգ է, որտեղ աշխատողների հետ կռիվներ կամ վեճեր պետք է լինեն: Նման ձևով հարցեր չեն լուծվում: Արել ենք ամեն բան, որ մեր աշխատանքը հզորացնենք»,-ասաց նա:

--00--ԱՀ