«Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության արտադրամասից կատարված գողությունը բացահայտվել է

ԵՐԵՎԱՆ,  ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News  

 

Այս տարվա փետրվարի 21-ին քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործ էր հարուցվել Լոռու մարզային քննչական վարչությունում: Գողությունը կատարվել էր Վանաձորում:

Փետրվարի 8-ից 18-ն ընկած ժամանակահատվածում «Քիմպրոմ մենեջմենթ» ընկերության մի արտադրամասից անհետացել էին էլեկտրական երկու շարժիչ ու մալուխներ: Պատճառվել էր ավելի քան 400 հազար դրամի վնաս:
Ոստիկանության Վանաձոր քաղաքի Տարոնի բաժնի ծառայողներն ու քննիչները առաջին օրերին պարզեցին, որ կատարվածը մի հոգու գործ չէր, որ մտել էին ընկերության արևմտյան դարպասից` հանելով փեղկերն ագուցող շղթան: Իրավապահների հետագա գործողություններն ուղղված էին կասկածյալների շրջանակը փոքրացնելուն:
Վերջապես, օրեր առաջ, ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ վերոհիշյալ գողությունը կատարել են երկուսով` Վանաձորի 22-ամյա և Գուգարք գյուղի 26-ամյա երիտասարդներ:
Այս դեպքով գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները դեռ շարունակվում են: Իսկ մինչ այդ պարզվել է, որ Գուգարք գյուղի 26-ամյա բնակիչը գողություններ է արել նաև անցած տարվա դեկտեմբերին: Մասնավորապես, Վանաձորի Միչուրինի փողոցի մի տան բակից տարել է երեք մարտկոց, իսկ «Վանաձոր» բժշկական կենտրոնի ծննդատան մասնաշենքից հափշտակել է գունավոր մետաղ պարունակող դետալներ:
Միջոցառումները շարունակվում են:

-- 00—ՄՀ