Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով Մարտակերտում և Մարտունիում բռնկված հրդեհները մարվել են

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11,  24News

Մարտունի

Գիշերն անհանգիստ է եղել նաև Մարտակերտ և Մարտունի քաղաքներում։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի ժամը 12։00-ին մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարը, ադրբեջանական զինուժն անցած գիշեր հրթիռակոծել է խաղաղ բնակավայրերը, ինչի հետևանքով Մարտակերտում բնակելի տուն է այրվել։ Տեղում հրդեհաշիջման աշխատանք են իրականացրել ԱԻՊԾ Մարտակերտի շրջանային բաժնի հրշեջ փրկարարները։

Հրթիռակոծությունից հետո Մարտունի քաղաքում ևս հրդեհ էր բռնկվել։ Հրշեջ փրկարարներին հաջողվել է ժամանակին մարել կրակը։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ