Սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով․

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24News 

Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է եվրոպական մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների՝ The Telegraph-ի (Մեծ Բրիտանիա), European Post-ի (Բրյուսել), Foreign Policy-ի (ԱՄՆ), Tageblatt-ի (Ավստրիա) և Il Gеornale-ի (Իտալիա) հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցուպատասխանը.

Հարց - Լեռնային Ղարաբաղում պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսվեց մեկ ամիս առաջ: Ո՞ր փուլում եք հիմա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ այս պատերազմի գլխավոր հրձիգը եղել է Թուրքիան, որը Սիրիայից վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխել Ադրբեջան, նաև իր զինված ուժերի մի հատված տեղափոխել է Ադրբեջան, այդ թվում՝ ռազմական տեխնիկա, որոշակի զինված խմբեր՝ Պակիստանից: Նրանք խնդիր էին դրել՝ բլիցկրիգով վերահսկողության տակ առնել Լեռնային Ղարաբաղը: Եվ, իրենց հաշվարկներով, այդ պատերազմը պետք է տևեր առավելագույնը մեկ շաբաթ, 10 օր, բայց Լեռնային Ղարաբաղը կանգուն է, շարունակում է պայքարել և շարունակելու է պայքարել՝ իր իրավունքների համար: Որովհետև սա իսկապես ոչ թե տարածքի վեճ է, սա իրավունքի վեճ է, որովհետև հայերը Լեռնային Ղարաբաղում ապրել են հազարամյակով, այդ ողջ ընթացքում եղել են մեծամասնություն: Լեռնային Ղարաբաղում կա ահռելի հայկական մշակութային ժառանգություն՝ 5-րդ դարի եկեղեցի, 8-րդ, 10-րդ, 13-րդ դարի հայկական եկեղեցիներ:

Հայկական առաջին դպրոցը հիմնադրվել է Լեռնային Ղարաբաղում: Եվ պատերազմը, ըստ էության, Լեռնային Ղարաբաղի դիմակայունությունն է արձանագրել այս փուլում և արձանագրել է Թուրքիայի կայսերական քաղաքականությունը: Որովհետև շատ կարևոր է նաև արձանագրել, որ հարցը հիմա զուտ դուրս է եկել Լեռնային Ղարաբաղի հարցի տրամաբանությունից և շրջանակից: Եվ Թուրքիան այստեղ եկել է ոչ այնքան Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործում Ադրբեջանին աջակցելու, որքան իր կայսերական քաղաքականությունը շարունակելու: Այստեղ տեղի ունեցողը շարունակությունն է այն քաղաքականության, որ Թուրքիան վարում է Միջերկրականում՝ Հունաստանի, Կիպրոսի նկատմամբ, Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Եվ իմ արձանագրումը կրկին մեկն է՝ որ դա կայսերական քաղաքականություն է, որովհետև Հարավային Կովկասում, ըստ էության, հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իրենց կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս-արևելք և հարավ-արևելք: Իմ գնահատականը շարունակում է մնալ նույնը. եթե արևմտյան հանրությունը Թուրքիայի այս գործողությունները համարժեք գնահատականի չարժանացնի, ոչ հեռավոր ապագայում հարկ է Թուրքիային սպասել Վիեննայի մերձակայքում:

  --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս