Ճգնաժամներն ունեն մեկ լուծում՝ ապաշնորհ կառավարիչների հեռացում, որակյալ կադրերի ներգրավում

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

հասարակական

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որում անդրադառնում է երկրում առկա ճգնաժամներին։ Գրառումը՝ ստորև․

«Մեր ճգնաժամները

1. Ներքաղաքական ճգնաժամն արդեն գոյություն ունի: Ժամանակի ընթացքում այն ավելի է խորանալու և ավելի է սրվելու: Կխուսափեմ քաղաքացիական պատերազմ եզրույթից, բայց ատելության ու անհանդուրժողականության նման դոզա մեր պատմության մեջ չեմ հիշում: Բախումներն ու հաշվեհարդարն էլ այն մինիմալն է ինչ տեղի է ունենալու:

2. Արտաքին քաղաքական ճգնաժամը մեզ համար նոր ճգնաժամ է լինելու: Այն ձևավորվելու է հաշվի առնելով նոր տարածաշրջանային իրողությունները, Թուրքիայի տարածաշրջանային ազդեցության մեծացումը, մեր սուբյեկտայնության նվազումը, մեր անվտանգային առաջնահերթությունը և այլ գործոններ:

3. Տնտեսական ճգնաժամն արդեն առկա է: Դիմադրում է միայն բանկային համակարգը՝ լավ հիմքեր ունենալու շնորհիվ: Սակայն երկար չի դիմադրի: Արտաքին ու ներքին ներդրումներ չեն լինելու: Շուկան չի մեծանալու, մենք էլ ոչ մեկի համար հետաքրքիր չենք լինելու: Տնտեսական վնասները աղետալի են:

4. Բարոյահոգեբանական ճգնաժամը անասելի խորանալու է: Դեմն առնել չի լինելու: Պանդեմիան և փակ սահմանները խանգարելու է արտագաղթին, սակայն դա էլ ժամանակի հարց է: Մենք բարոյապես և հոգեպես գոյություն չունենք: Ազգը չի քնում: Գիշերը, երբ մտնես ֆեյսբուք, բոլորը օնլայն են ու դեպրեսիվ:

Այս ամենը ունի մեկ լուծում: Ապաշնորհ կառավարիչների հեռացումն ու որակյալ կադրերի ներգրավումը բոլոր ոլորտներում: Եթե իհարկե ծրագրված չէ Հայաստանն էլ հանձնել թշնամուն և վերջ...»։

--0--ԿԿ