ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Հանրապետության հրապարակում ընդդիմադիրների հանրահավաքի ավարտին Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հանրահավաքի մասնակիցների հետագա գործողությունները:
Ըստ այդմ՝ ժողովրդի մի մասը պետք է շարունակի հանրահավաքը Հանրապետության հրապարակում, մյուս մասը պետք է շրջափակի կառավարության և դատախազության շենքերը՝ առանց ներս մտնելու:
«Ցանկացած շենք երբ որ ուզենք, կվերցնենք, բայց խնդրում եմ, ճի՛շտ հասկացեք: Մեր համառ, հետևողական, կազմակերպված աշխատանքի արդյունքում պետք է իշխանությունը վերցնենք Նիկոլ Փաշինյանից»,-հայտարարել է Իշխան Սաղաթելյանը և կոչ արել չտրվել սադրանքներին, լինել կազմակերպված:
Այս պահին արդեն ցուցարարները հավաքվել են կառավարության շենքի դիմաց և վանկարկում են «Խաբեբա՛», «Նիկո՛լ, դավաճա՛ն», «Առանց Նիկոլ՝ Հայաստան»: Շենքի մուտքի մոտ կանգնած են մեծ թվով ոստիկաններ:
Ուղիղ եթերը՝ ստորև:
Հիշեցնենք, որ ընդդիմադիր քաղաքական ուժերը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12:00-ն, հրաժարական տալու ժամանակ էին տվել: Պայմանն այն էր, որ եթե նա հրաժարական չտա, ապա հանրապետությունում կսկսվեն բողոքի և անհնազանդության ակցիաներ: Այսօր ևս մեկ հանրահավաք է անցկացվել Հանրապետության հրապարակում:
--00—ԼՄ