Նախկին պատգամավորի մասնակցությամբ հանցագործության մասով քրգործն ուղարկվել է դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

դատարան

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լ. Ս.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ վերջինս իր մտերիմ Ա. Կ.-ի եւ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Ն.-ի միջոցով կազմակերպել է 2008թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի նկատմամբ հանցավոր համագործակցության կողմից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 45 միլիոն ՀՀ դրամ արժեքով գույքի հափշտակություն կատարելու նպատակով իրականացված ավազակային հարձակումը:

Նույն հանցագործությանը տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակելու համար մեղադրանք է առաջադրվել նաեւ Լ. Ս.-ի ազգական Ս. Ղ.-ին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Լ. Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Լ. Ս.-ի եւ Ս.Ղ.-ի վերաբերյալ քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ քրեական գործը՝ ըստ մեղադրանքի նշված երկու անձի, ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Հիշեցնենք, որ ՀՀ ԿԱ մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի նկատմամբ իրականացված ավազակային հարձակման, ինչպես նաեւ այլ հանցագործությունների կատարման համար մի շարք անձինք 2011 թվականին դատապարտվել են 8. 5-15 տարի ժամկետով ազատազրկման:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ԼՄ