Վարձկանները Լեռնային Ղարաբաղում. կոչեր, մտահոգություններ, փաստեր

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

․

2020 թ. սեպտեմբերի 27-ին վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում ձեռնարկեց Լեռնային Ղարաբաղի վրա: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանը միայնակ չէ. նա ունի Թուրքիայի գործուն օժանդակությունը:

Տեղեկություններ տարածվեցին, որ Թուրքիան գրոհայիններ է տեղափոխել Ադրբեջան։

«Միջազգային հանրությունը հստակ արձանագրեց, որ ադրբեջանաթուրքական տանդեմը Արցախի ու Հայաստանի դեմ կռվում է վարձկան-ահաբեկիչների օգնությամբ։ Արցախը կռվում է միջազգային ահաբեկչության դեմ, որի թիրախները տարանջատված չեն աշխարհաքաղաքական սահմաններով։ Այդ ահաբեկչությունը հավասարաբար սպառնում է ԱՄՆ-ին ու Իրանին, Ռուսաստանին ու Ֆրանսիային, և Արցախը, Հայաստանը, հայ ժողովուրդը կռվում են հանուն գլոբալ անվտանգության», - հայտարարեց Փաշինյանը:

Human Rights Organisation - Afrin - Syria իրավապաշտպան կազմակերպությունը տեղեկացրեց, որ Թուրքիան վերջերս առնվազն 3000 սիրիացի վարձկանների է դուրս բերել Արևմտյան Լիբիայից, և որ վերջիններս ամենայն հավանականությամբ ուղարկվում են Ադրբեջան: Կազմակերպությունը հրապարակեց Ադրբեջանի կողմից ԼՂ դեմ պատերազմին մասնակցած և զոհված սիրիացի վարձկանների անունները:

Free Azerbaijan ադրբեջանական կայքը հրապարակմամբ հանդես եկավ՝ մտահոգություն հայտնելով, որ Ադրբեջան տեղափոխված սիրիացի զինյալները հայերի փոխարեն ահաբեկում են տեղի ադրբեջանցիներին: 

Սիրիական ազգային բանակի գեներալը քրդական Rudaw ալիքի եթերում հաստատեց Ադրբեջանում սիրիացի վարձկանների ներկայությունը: 

Թուրքական Haberturk-ի եթերում թուրք նախկին դիվանագետ Ունալ Չեվիքոզը սկանդալային հայտարարությամբ հանդես եկավ` նշելով, որ Թուրքիան Հայաստանի դեմ պատերազմելու է ուղարկում ջիհադիստների:

Թեհրանը հայտարարեց, որ «թույլ չի տա, որ ահաբեկչական խմբավորումները Իրանի հյուսիսային սահմաններին հարակից շրջաններն իրենց ազգային անվտանգության դեմ սպառնալիքի վերածեն»:

Ելիսեյան պալատը որոշ մանրամասներ է հաղորդել ՌԴ և Ֆրանսիայի նախագահների` Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցի վերաբերյալ: Կրեմլն այդ մասին տեղեկություններ չի հայտնում պաշտոնական հաղորդագրության մեջ, սակայն Ելիսեյան պալատից հայտնում են, որ նախագահները ևս «կիսել են իրենց մտահոգությունը Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղ սիրիացի վարձկաններ ուղարկելու վերաբերյալ»:

Արևմտյան հեղինակավոր լրատվամիջոցներ՝ Reuters-ը, The Guardian-ը, BBC-ն գրել են, որ Թուրքիան սիրիացի գրոհայիններ է ուղարկում Ադրբեջան` աջակցելու Բաքվին հայերի դեմ սկսված բախումներում:

Հոկտեմբերի 1-ին Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկվել է ղարաբաղյան պատերազմը։ Պուտինի մամուլի քարտուղարի խոսքով՝ խորհրդակցության մասնակիցները նշել են տարածաշրջան Սիրիայից և Լիբիայից զինյալների տեղափոխման հետ կապված ծայրահեղ վտանգը:

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հաստատել է ԼՂ հակամարտության սրման ֆոնին Թուրքիայից սիրիացի զինյալների՝ Ադրբեջան տեղափոխման փաստը: Sky News-ի հետ զրույցում Պենտագոնի ներկայացուցիչը մանրամասնել է` խոսքը հարյուրավոր զինյալների մասին է: Վերջինիս խոսքով` Թուրքիայի ու Ադրբեջանի միջև տասնյակ ավիաթռիչքներ են իրականացվում, և թռիչքները զինյալների տեղափոխման համար են: 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հոկտեմբերի 2-ին պատասխանելով լրագրողի հարցին՝ նշել է, որ տեղյակ է Թուրքիայի կողմից սիրիացի զինյալների Ադրբեջան տեղափոխման հրապարակումների հետ:

Թուրքիան Սիրիայից ու այլ երկրներից ահաբեկիչներին օգտագործում է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողություններում։ Այս մասին հոկտեմբերի 6-ին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։

Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հոկտեմբերի 6-ին նշեց` ԼՂ զինված հակամարտության պայմաններում Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ հարյուրավոր ահաբեկիչների համար: Նա հետախուզական տվյալներ է ներկայացրել, համաձայն որոնց՝ ԼՂ հակամարտության տարածք են շարժվում Մերձավոր Արևելքի ահաբեկչական կազմակերպություններից զինյալներ:

Հոկտեմբերի 10-ին Եվրոպական խորհրդարանի անդամ Նիկոլա Բայը /Ֆրանսիա/ հայտարարեց.

«3.000- 4.000 սիրիացի ջիհադիստ Թուրքիայի կողմից փոխադրվել է Հայաստան. սա այն է, ինչն անձամբ ընդունել է նաև նախագահ Էմանուել Մակրոնը: Հազարավոր իսլամիստ վարձկաններ, որոնք մեղադրվում են Իսլամական պետություն կազմակերպության կողմից կազմակերպված պատերազմական ոճրագործությունների մեջ, Էրդողանի կողմից ուղարկվել են այլ հանցագործություններ կատարելու և շարունակելու Հայոց ցեղասպանությունը, որն իրականացվել է 80 տարի առաջ Օսմանյան Կայսրության կողմից»:

Հոկտեմբերի 13-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը մտահոգություն հայտնեց ԼՂ հակամարտության տարածք Մերձավոր Արևելքից ահաբեկչական խմբավորումների զինյալների տեղափոխման մասին լուրերի առնչությամբ:

Հոկտեմբերի 14-ին տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հեռախոսազրույց: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը թուրք պաշտոնակցի` Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ զրույցում մտահոգություն հայտնեց ռազմական գործողություններին Մերձավոր Արևելքից զինյալների մասնակցության հետ կապված:

Հոկտեմբերի 16-ին Լյուքսեմբուրգի խորհրդարանը միաձայն ընդունել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները դատապարտող բանաձև: Դրանում նաև նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանին իր քաղաքական ու ռազմական աջակցություն է ցուցաբերում, նաև սիրիացի վարձկաններ ու ռազմական սարքավորումներ մատակարարելով

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հաջորդ զրույցը: ՌԴ նախագահն Էրդողանի հետ քննարկեց Արցախում կռվող ահաբեկիչների խնդիրը, կրկին մտահոգություն հայտնեց ռազմական գործողություններին ավելի ու ավելի մեծ թվով վարձկանների ներգրավման առիթով:

Հոկտեմբերի 29-ի ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց.

«Ռուսաստանը խորապես մտահոգված է ԼՂ հակամարտության գոտում օտարերկրացի վարձկանների շարունակական ներգրավմամբ»:

Իրանը «շատ անհանգստացած է» Ադրբեջանում ահաբեկիչների ներկայությունից և իր մտահոգությունը փոխանցել է պաշտոնական Բաքվին, կեսգիշերն անց Երևանում «Ազատության» հետ զրույցում ասաց Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին։

Նոյեմբերի 3-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ի հետ զրույցում նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ներգրավված վարձկանների թիվը հասել է 2000–ի։

Նոյեմբերի 11-ին ՄԱԿ-ի փորձագետները հայտարարեցին՝ ԼՂ հակամարտության գոտում և դրա շուրջ գտնվող վարձկանները պետք է հեռացվեն:

«Լայնորեն տարածված են հաղորդագրություններն այն մասին, որ Ադրբեջանի կառավարությունը Թուրքիայի աջակցությամբ ԼՂ հակամարտության գոտում օգտագործել է սիրիացի գրոհայինների, այդ թվում՝ ռազմաճակատում իրենց դիրքերը ամրապնդելու և պահպանելու համար»,- հայտարարել են նրանք:

Եվրոպական միությունը նոյեմբերի 19-ին կոչ արեց ԼՂ հակամարտության գոտուց ամբողջությամբ դուրս բերել բոլոր օտարերկրյա վարձկաններին: Այս մասին հայտարարություն տարածեց Եվրոպական դիվանագիտության ղեկավար ԺՈզեպ Բորելը:

Փետրվարի 2-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց` բոլոր զինյալները պետք է լքեն ԼՂ հակամարտության տարածքը:

«Ո՞ւր են այժմ զինյալները, արդյո՞ք դեռ այնտեղ են, ո՞ւր են անհետացել` ես դժվարանում եմ պատասխանել այս հարցին, քանի որ այդ տարածքներում իրավիճակը վերահսկում են այն ուժերը, որոնք ներգրավված են այդ գործընթացում, դրանք խաղաղապահներն են, Հայաստանն ու Ադրբեջանը: Մենք ելնում ենք այն հանգամանքից, որ սիրիացի վարձկանները, ցանկացած զինյալներ պետք է լքեն այդ տարածքը»,- ասաց նա:

--00--ԱԹ