ԵՄ-ն Լեռնային Ղարաբաղին հատկացրել է հավելյալ 3 մլն եվրո մարդասիրական օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

քաղաքական

Եվրոպական հանձնաժողովն այսօր հայտարարել է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ վերջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների ազդակիր քաղաքացիական բնակչությանը, այդ թվում՝ զգալի քանակի տեղահանված անձանց աջակցելու նպատակով 3 միլիոն եվրո մարդասիրական օգնություն տրամադրելու մասին։ Եվրոպական միության ջանքերով, 2020 թվականի սեպտեմբերից՝ ռազմական գործողությունների սկզբից արդեն 6,9 միլիոն եվրո մարդասիրական օգնություն է մոբիլիզացվել։ 

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից հայտնում են, որ ռազմական գործողությունների դադարեցումից հետո տարածաշրջանում շարունակվում է ծանր մարդասիրական ճգնաժամը, որի սրմանը ներկայում նպաստում են  խստաշունչ ձմեռը և կորոնավիրուսային համավարակը։ ԵՄ-ն ավելացնում է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ հակամարտության ազդակիր բնակչության աջակցությունը։ Այն կօգնի տրամադրել արտակարգ իրավիճակներում անհրաժեշտ պարագաներ, նրանց ովքեր ունեն դրա խիստ կարիքը», նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։

Նոր հայտարարված օժանադակությունը կօգնի ԵՄ մարդասիրական գործընկեր կազմակերպություններին մատակարարել սնունդ, ձմեռային պարագաներ, ապահովել ապաստան և հոգալ այլ կարիքներ, ինչպես նաև ապահովել անհրաժեշտ առողջապահական ծառայություններ և հոգեբանական աջակցություն ազդակիր բնակչության համար։  ԵՄ մարդասիրական օգնությունը տրամադրվում է հումանիզմի, չեզոքության, անկողմնակալության և անկախության մարդասիրական սկզբունքներին համահունչ։ 

--0--ԿԿ