ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News
Սիրիայի նախագահ Բաշար Ասադն իր նստավայրում ընդունել է Հայաստանում հաստատված սիրիահայերի պատվիրակությանը «Սիրիահայերի հիմնախնդիրների համակարգող կենտրոն» ՀԿ նախագահ Ջորջ Բարսեղյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Հանդիպման ժամանակ քննարկումները ծավալվել են Սիրիայում տիրող իրավիճակի, երկրի վերակառուցման գործընթացի շուրջ: Հայաստանում հաստատված սիրիահայ գործարարները ցանկություն են հայտնել մասնակցելու Սիրիայի վերակառուցման գործընթացին:
Սիրիայի նախագահն ընդգծել է, որ Սիրիայի բարեկամ ՀՀ-ի սկզբունքային դիրքորոշումը և երկրի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի ողջ ընթացքում ցուցաբերած աջակցությունը թույլ է տալիս, որ Հայաստանը լինի առաջատար երկրներից մեկը, որոնք արդար իրավունք ունեն մասնակցելու Սիրիայի վերականգնման աշխատանքներին: