Իրավունք չունենք հուսահատվելու. Արմավիրի մարզպետն այցելել է զորամաս

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News

․

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի, հանրապետական գործադիր մարմինների մարզային պատասխանատուների և Արմավիրի քաղաքապետի հետ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս:

ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը զորամաս այցելած մարզային իշխանության ներկայացուցիչներին, հոգևոր առաջնորդին, սպայական կազմին և զինվորներին է ներկայացրել ուսումնական զորամասի նորանշանակ հրամանատար Դավիթ Ալեքսանյանին:

Ողջունելով ներկաներին՝ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նախ խորին երախտագիտություն է հայտնել զորամասի սպայական կազմին և զինվորներին՝ Արցախյան 44-օրյա պատերազմում ունեցած կարևոր մասնակցության, ցուցաբերած մասնագիտական ու մարդկային բարձր որակների և հայրենիքում ապրելու արդար իրավունքը պաշտպանելու կամքի ու վճռականության համար:

Նա ցավով անդրադարձել է նաև պատերազմում ունեցած մարդկային, տարածքային ու նյութական մեծ ու անդառնալի կորուստներին՝ ընդգծելով. «Մենք իրավունք չունենք հուսահատվելու: Մենք պարտավոր ենք օր առաջ շտկելու մեր մեջքը և ապացուցելու հայի արժանապատիվ տեսակն ու արժանին մատուցելու մեր ընկած քաջերի հիշատակին»:

Ապա Համբարձում Մաթևոսյանն իր շնորհակալությունն է հայտնել զորամասի նախկին հրամանատար Արթուր Երոյանին և ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամասի հրամանատարի գործառնական պարտականությունները պաշտոնավարման ընթացքում լավագույնս իրականացնելու, զինծառայողների շրջանում բարոյակամային ու մարտական հատկանիշներ դաստիարակելու և զորամասում ներքին կարգուկանոնը մշտապես բարձր մակարդակի վրա պահելու համար նրան պարգևատրել ՀՀ Արմավիրի մարզպետի պատվոգրով:

Այնուհետև շնորհավորելով զորամասի նորանշանակ հրամանատար Դավիթ Ալեքսանյանին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ՝ մարզպետը վերջինիս ցանկացել է խաղաղ երկնքի ներքո ծառայություն և բազում հաջողություններ՝ ի պատիվ Հայաստանի Հանրապետության և Հայոց բանակի:

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանը նաև շրջայց է կատարել զորամասում, ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին։

--00--ԱՀ