Կարանտինային կանոնները, պահանջները չպահպանելու համար մեղադրանք է առաջադրվել 9 անձի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

մեղադրանք

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«2020 թվականի ընթացքում, նոր կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում կառավարության և պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները չպահպանելու դեպքերով՝

ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով (оրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հարուցվել է 2 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում և նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խուլիգանություն կատարելը), հարուցվել է 1 քրեական գործ, որով ևս նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) հարուցվել է 10 քրեական գործ, որոնցից 5-ի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, 3 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, 2 քրեական գործ ուղարկվել է դատարան:

Նշված քրեական գործերով մեղադրանք է առաջադրվել ընդհանուր 9 անձի:

Բացի այդ, 2020 թվականի ընթացքում արտակարգ դրության և կարանտինի ժամանակահատվածում կառավարության և պարետատան կողմից սահմանված սահմանափակումները, պահանջները կամ կարանտինային կանոնները պահպանելու նկատմամբ հսկողություն իրականացնելիս, ՀՀ ոստիկանության ծառայողների առերևույթ ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասով (խոշտանգումը) և 316-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ:

Նշված քրեական գործերից 2-ով որպես մեղադրյալ ներգրավված անձ չկա, իսկ 1 քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավվել 1 անձ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվել է ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը՝ զուգորդված բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) հարուցված 5 քրեական գործ և ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից խոշտանգում կատարելը) հարուցված մեկ քրեական գործ, որոնցով վարույթները կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով:

2020 թվականի ընթացքում նոր կորոնավիրուսային վարակով վարակելու, հիվանդին օգնություն ցույց չտալու, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ, ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ կամ մարդու իմունային անբավարարության վարակի հարուցիչով վարակում) հարուցվել է 17 քրեական գործ, որոնցից 7-ի վարույթը կասեցվել է, իսկ 10 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

Այս գործերով նշանակվել են դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննություններ, որոնց եզրակացությունները դեռևս չեն ստացվել»:

--00--ԱԹ