Ով ինչ պաշտոն կստանա․ ինչպիսին է Հ․ Մարությանի, Ա․ Միրզոյանի և մյուսների «ճակատագիրը»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

Մամուլում արդեն իսկ տեղեկություններ են հայտնվել այն մասին, թե ովքեր են զբաղեցնելու երկրի համար կարևորագույն պաշտոնները։

Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ չնայած ՔՊ-ն ընտրություններից հետո վարչության նիստ չի արել, և չեն որոշել, թե ով է լինելու ԱԺ նախագահը, սակայն այդ հարցը համարում են լուծված․ այդ պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։

Նիկոլ Փաշինյանը որոշել է գնահատել նրա անձնական հավատարմությունն իրեն, բայց նաև նրան պահել բռի մեջ և ԱԺ է գործուղել Արսեն Թորոսյանին, ում խմբակցության ղեկավար կընտրեն։ Դրանով վարչապետը կկարողանա վերահսկել միմյանց հետ բարդ հարաբերություններ ունեցող Սիմոնյանին ու Թորոսյանին՝ «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։

Թերթի աղբյուրները նաև հայտնում են, որ Արսեն Թորոսյանն ԱԺ նախագահի պաշտոնում ուզում էր տեսնել Սուրեն Պապիկյանին, իսկ Ալեն Սիմոնյանը ՔՊ խմբակցության ղեկավար էր պատկերացնում Հայկ Կոնջորյանին:

Անդրադառնալով Արարատ Միրզոյանի պատշոնավարմանը, թերթը նշում է, որ նրա հարցը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին։ Մի կողմից՝ Միքայել Մինասյանի բացահայտումից հետո, թե Միրզոյանը համագործակցել է ԱԱԾ-ի հետ, ինչը վերջինս ևս հաստատեց, ԱԱԾ գործակալին ԱԺ նախագահ կարգելն անընդունելի քայլ կլիներ։ Մյուս կողմից՝ Միրզոյանն իրեն պասիվ ու չեզոք է պահել և փաշինյանական «դուդուկի տակ» լավ չի «պարել»։ Բայց նա 3 տարի երկրի երկրորդ դեմքն է եղել, և չեն կարող հենց այնպես «թոշակի» ուղարկել, ուստի պետք է համարժեք պաշտոն առաջարկեն։

Ըստ «Հրապարակի»՝ Միրզոյանին տևական ժամանակ է՝  համոզում են, որ ստանձնի ԱԳ նախարարի պաշտոնը, որի համար հարմար թեկնածու չեն գտնում, սակայն նա հրաժարվում է։ Ըստ ամենայնի, որևէ կարևոր երկրում դեսպան կնշանակվի, հավանաբար՝ Ռուսաստանում, որտեղ գործող դեսպանից՝ Վարդան Տողանյանից, վաղուց են ուզում ազատվել և հարմար թեկնածու չեն գտնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ