Առուշանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. Ռոբերտ Հայրապետյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈւLԻՍԻ 7,  24News

Thumbnail

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին ձերբակալել են Երևանի սրճարաններից մեկում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ ՀՔԾ է բերման ենթարկվել Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։ Ընդ որում՝ Առուշանյանին բերման ենթարկելու որոշում է կայացվել այն պարագայում, երբ նա վաղ առավոտյան գտնվել է Երեւանում, հարցազրույցներ տվել ու չի խուսափել ներկայանալ նախաքննական մարմնին։

Ասել է թե՝ հրավերի դեպքում նա անձամբ կներկայանար։ Հետաքրքիր զուգադիպությամբ նրան բերման են ենթարկում ժամը 18-ին, երբ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում՝ Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, պետք է սկսվեր Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանի խափանման միջոցի գործով նիստը։ Ավելին՝ մեր ունեցած տեղեկություններով իրավապահները գործարք են առաջարկել Ավետյանին՝ խոստանալով, որ Առուշանյանի դեմ ցուցմունք տալու պարագայում իրեն ազատ կարձակեն։

Փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ կարծում է՝ Լուսինե Ավետյանի ձերբակալությունը պատահական չէր, նաև՝ իր սեռով պայմանավորված, որովհետև այդ պարագայում ավելի հեշտ կլիներ ցուցմունք կորզել։

«Ավետյանի կալանավորման նիստը պետք է տեղի ունենար ժամը 12։00-ին, անհասկանալի պատճառներով նիստը հետաձգվել է մինչև 18։00-ն։ Այդ ընթացքում պարզ է դառնում, որ Ավետյանը հրաժարվել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանից և թե ինչ է ներսում կատարվում, ոչինչ չեմ կարող ասել, բայց այն, որ ամբողջությամբ լծված են Առուշանյանի դեմ ցուցմունքներ կորզելու գործին, դա պարզ է։ Խոսքը չի գնում միայն Ավետյանից ցուցմունք կորզելու մասին, այլև՝ ակտիվ աշխատում են Գորիսում, Գորիս խոշորացված համայնքի այլ վարչական շրջաններում՝ ցուցմունքներ կորզելու համար »,- նշեց Հայրապետյանը։

Հայրապետյանի խոսքով՝ ակնհայտ քաղաքական հետապնդում է իրականացվում, փորձում են արհեստականորեն հիմքեր ստեղծել՝ շինծու քրեական գործ հարուցելու համար։ Հայրապետյանը չի բացառում, որ դա առաջիկայում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններին Առուշանյանի մասնակցությանն ապօրինի կերպով խոչընդոտելու նպատակ է հետապնդում կամ Առուշանյանի կալանավորման արդյունքում մարզպետի որոշմամբ՝ նրա լիազորությունների կատարման անհնարինության հիմքով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ավելի հաճո թեկնածու նշանակելու։

«Ամեն ինչով կարող է պայմանավորված լինել այս ամենը, բայց որ կոնկրետ Սյունիքի, որը մշտապես ըմբոստացել է կապիտուլյանտ իշխանությանը, համայնքապետերի դեմ սկսվել է կեղծ, շինծու քրեական գործ, դա ակներև է»,- նշեց Հայրապետյանը։
Հայրապետյանը չի բացառում, որ առաջիկայում նոր քրեական գործեր, ձերբակալություններ կլինեն. «Չեմ բացառում ոչինչ՝ համայնքապետերի մասով, վարչական շրջանի ղեկավարների մասով, ինչու չէ նաև «Հայաստան» դաշինքի այլ համակիրների մասով, որոնք ակտիվ լծված են եղել նախընտրական քարոզչության գործընթացում»։

--00--ԱՀ