Մենք Իրանի դեմ ոչ մի դավադրության մեջ չենք ներքաշվի, Իրանը 90-ականներին կյանքի ճանապարհ էր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Հայաստանը երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև ՀՀ-ի համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են, և Հայաստանը երբեք չի մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվա կատարած պաշտոնական այցի շրջանակում երկրի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Նախագահ Ռայիսին պաշտոնը ստանձնել է 2021 թ․ օգոստոսի, ես էլ ընտրություններից հետո պաշտոնս ստանձնել եմ օգոստոսին, և երկու անգամ հանդիպել ենք: Փաստ, որ ցույց է տալիս, թե ինչքան ենք կարևորում այդ հարաբերությունները: Նորություն չէ, որ կան որոշակի շրջանակներ, որոնց հաջողվում է, ժամանակ առ ժամանակ Իրանի մամուլում հրապարակել նյութեր, թե Հայաստանը ներգրավված է ինչ-որ դավադրությունների մեջ՝ Իրանի դեմ:

Իրանի մեր գործընկերները, վստահ եմ,  գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև մեզ համար այդ հարաբերությունները չափազանց կարևոր են և մենք երբեք չենք մոռանա, որ իննսունականների սկզբին Իրանը ՀՀ-ի համար եղել է կյանքի ճանապարհ։ Սա մի այնպիսի հիմք է մեր հարաբերությունների համար, որ ՀՀ-ն չի կարող դավադրության մեջ ներքաշվել Իրանի հետ»,-ասել է նա: