Ձկնորսության կազմակերպման և իրականացման նոր տեսլականը. Թովմասյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Հասարակական

Հոկտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի ձկնորսները, որոնք իրենց խաբված էին զգում, ճարահատյալ փակել էին Երևան-Սևան ավտոմայրուղին: Ինձ դիմած ձկնորսների պնդմամբ ձկնորսության սահմանված չափաքանակը շատ փոքր է, ինչը առաջացնում է սոցիալական մեծ խնդիրներ, և բազմաթիվ բնակիչներ կանգնել են իրենց ապրուստի միակ միջոցը կորցնելու վտանգի առջև։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

«Հաշվի առնելով խնդրի հրատապությունը՝ շտապ պարզաբանում պահանջեցի ՀՀ շրջակա միջավարի նախարարից: Ի պատասխան ստացել եմ հարցը նոր ձևով լուծելու նախարարության պատրաստակամության վերաբերյալ տեղեկատվություն։ Նախարարությունը փնտրում է ելքեր՝ խնդիրը նոր տեսլականով կարգավորելու համար։ Մասնավորապես կառաջարկվի ձկնորսության կազմակերպման նոր ծրագիր որսի կազմակերպման ողջ շղթայով՝ կիրառելով համապարփակ մոտեցում ձկան որսից մինչև իրացում: Այն կհանգեցնի աշխատատեղերի ստեղծմանը, զբաղվածությանը և կայուն եկամուտի ձևավորմանը, սոցիալ-տնտեսական և բնապահպանական շահերի հավասարակշռության ապահովմանը, կենսապաշարի կայուն օգտագործմանը, պահպանությանն ու վերարտադրության կազմակերպմանը և այլ կարևոր հարցերի լուծմանը:
Թե նախարարությունը կոնկրետ ինչ առաջարկով է հանդես գալու, դեռ հստակ չէ, բայց հուսամ՝ չի լինի այնպիսի որոշում, որ մեր ձկնորսները կրկին ստիպված լինեն ճանապարհ փակել, քանզի անցյալ անգամ էլ փորձ արվեց խնդիրը կարգավորել, բայց փաստորեն էլի կիսակարգավորում եղավ, որը սոցիալական բունտի վերածվեց:
Խնդիրը լուծում է պահանջում, այլ ոչ՝ հետաձգում․․
Ցանկացած լուծման դեպքում պետք է այնպես անել, որ չտուժեն ո՛չ ձկնորսները, ոչ էլ մեր ազգային հարստություն՝ Սևանա լիճը»։

--00--ԿԿ