Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում է ստացել մոտ 1500 վիրավոր զինծառայող

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News

Հասարակական

44-օրյա պատերազմից հետո վիրավորված զինծառայողների թիվը 11000 է, որից 1411-ը պաշտոնապես հաշմանդամ են։ Այս մասին նոյեմբերի 4-ին  «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկուման ժամանակ ասաց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզոյանը։ Նա հիշեցրեց, որ Արցախում պատերազմի առաջին իսկ օրվանից կենտրոնն ակտիվորեն ներգրավված է եղել վիրավոր զինծառայողների խնամքի գործընթացում. ձեւավորվել են բժիշկների շարժական խմբեր, ծառայությունները սկսել են մատուցվել արդեն բուժման վերակենդանացման փուլից։

«Անմիջապես պարզ դարձավ, որ կենտրոնի հիվանդանոցային պայմաններն ապահովված չեն այսքան վիրավորներ ընդունելու համար։ Այդ կապակցությամբ հատկացվել է նոր բաժին, որտեղ հնարավոր է եղել տեղավորել եւս մոտ 30 անձի։ Բացի այդ, մենք վարձեցինք շենք, որտեղ կարողացանք նույնքան վիրավորներ տեղավորել։ Այս պահին վերականգնողական բուժում է ստացել շուրջ 1500 վիրավոր զինծառայող։ Բացի այդ, գնահատվել է 3500 վիրավոր զինվորի սոցիալական կարիքները։ Զինծառայողներին տրամադրվում են նաեւ հոգեբանական եւ հոգեբուժական ծառայություններ»,-հավելեց Լիլիթ Միրզոյանը։

Վերականգնողական կենտրոնի աշխատակազմի ղեկավարը հայտնեց բաժանմունք բացելու մտադրության մասին, որտեղ հնարավոր կլինի խնամել ուղեղի ծանր վնասվածքներով զինծառայողներին։ «Բացի այդ, մենք ցանկանում ենք հիվանդանոց բացել վետերանների համար, որը թույլ կտա լուծել բոլոր խնդիրները մեկ հիվանդանոցում՝ բուժման առաջին փուլից մինչեւ ակտիվ վերականգնողական փուլ։ Կենտրոնի մասնակցությամբ իրականացվել է շուրջ 600 կրթական ծրագիր, 33 բիզնես ծրագիր, մոտ 100 մարդ աշխատանքի է տեղավորվել, լուծվում են զինծառայողների կենսապայմանների բարելավման խնդիրներըր»,-շեշտեց նա։  

--00--ԿԿ